Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը լուծված չեն
Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը դեռևս լուծված չեն, և արցախյան կողմի բոլոր ակնկալիքները տարիներ առաջ հայտարարված սկզբունքների հիման վրա կարգավորմանն են ուղղված: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևի հանդիպմանը:
Ավանեսյանի դիտարկմամբ՝ հենց այս համատեքստում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից Արցախի իշխանությունների ակնկալիքները:
«Թեև շատ լավ գիտակցում ենք, որ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքն արդեն իսկ խախտվել է»,- միաժամանակ նկատեց Ավանեսյանը:
Արցախի նախագահի խոսնակը շեշտեց, որ կարգավիճակի վերջնական հստակեցման տեսանկյունից Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: