ՊՆ․ Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր հավաքներ են մեկնարկում

Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են եռամսյա նոր հավաքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N-Ն որոշմամբ` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության` հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հավաքներին մասնակցելու ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը։ Բացի այդ, հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

ՊՆ–ն հայտնում է` հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: