«Ժողովուրդ»․ ՎՃՌԱԲԵԿԸ ԿԱԼԱՆՔԻ ՉԻ ՏԱՆԻ «ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻՆ»

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») ազատ արձակելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, և դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետևից գնալու են ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների»,– գրում է թերթը:

Նույն պարբերականն ավելի վաղ գրել էր, որ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» ազատ արձակումն ամենևին պատահական չէր. նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առուվաճառքի պետպատվերի շրջանակում:

Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից և ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՊՆ–ին 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:

Sputnik Արմենիա