ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔԵԼՈՒ Է ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՏԱԿ
Զավթված Արցախում, ավելի կոնկրետ՝ Վարանդայի շրջանում, Ադրբեջանը միջազգային օդանավակայան է գործարկել։ Իհարկե, նավթադոլարների առատության պայմաններում նման մեգանախագծեր իրականացնելն այդ պետության համար առանձնապես խնդիր չէ, խնդրահարույցն այդ ֆոնին Հայաստանի հաղորդակցային կարողությունների տոտալ սահմանափակումն է՝ շրջափակման վերացման անվան տակ։
Մասնավորապես, արդեն մի քանի տարի է՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կազմ-պատրաստ սպասում էր թռիչքների սպասարկմանը, բայց պատերազմին հաջորդած դավադիր գործարքի հետևանքով ադրբեջանական զորքը եկավ ու կանգնեց Կապանի օդանավակայանից մի քանի տասնյակ մետրի վրա՝ այդպիսով անհնարին դարձնելով փոքր ինքնաթիռների թռիչքները։ Ստեփանակերտի պատրաստի օդանավակայանը ևս, փաստորեն, չի կարող շահագործվել։
Վերջին տասն ամսում Իլհամ Ալիևն իր ընտանիքով, բացի Արցախ պարբերական այցերից, մի քանի անգամ եղել է նաև Սյունիքի հանձնված հողակտորներում։ Ամիսներ առաջ նա լուսանկարներ էր հրապարակել Սյունիքի Սոսիների չքնաղ պուրակից։ Շրջակա միջավայրի նախարարությունը շտապեց պնդել, թե լուսանկարներն այլ վայրում են արված, մինչդեռ հարակից գյուղերի գյուղապետերը հաստատել էին, որ դա հենց Սոսիների պուրակն է։
Արցախն արդեն գրեթե ամբողջապես նվաճված համարելով՝ Ադրբեջանի հաջորդ հավակնությունն արդեն Սյունիքին կամ իրենց ձևակերպմամբ՝ «Արևմտյան Զանգեզուրին» է վերաբերում։ Փորձագետներն էլ միաբերան պնդում են, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար Սյունիքն աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան անգամ Արցախը։ Ինչպես երևում է, միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ևս անտարբեր չէ Սյունիքի ճակատագրի հարցում հնարավոր զարգացումներով, նախևառաջ՝ այնտեղ հնարավոր ռուսական ներկայությամբ։
Բացի աշխարհաքաղաքական կարևորությունից՝ Սյունիքը որևէ այլ հողակտորի հետ համեմատելի չէ նաև իր բնաշխարհով և բնական ռեսուրսներով, թերևս նաև այդ պատճառով է առավել ցանկալի պատառ թշնամու համար։ Եվ գազանի ձեռքերում հայտնված Սև լիճ արգելոցը, Սոսիների պուրակը, միջանցքի հնարավոր բացումը հիմք են տալիս Ալիևին խոսելու «Սյունիք ադրբեջանցիների վերադարձի մասին»։
Պատերազմի ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց Ալիևը մասնակցեց Հորադիզից դեպի Նախիջևան երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ճանապարհների հիմնարկեքին։ Թշնամի պետության նախագահի հետևողականությունը, սպառնալիքի լեզվով խոսելը կասկած չի թողնում, որ Բաքուն և Անկարան հնարավոր ամեն գնով հասնելու են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին այդ տրանսպորտային միջանցքի բացմանը Հայաստանի ողնաշարի՝ Սյունիքի միջով։
Երևանից հնչող հակադարձումն առավել քան անատամ է։ Վարչապետն ասում է, թե իբր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Մեղրի, միջանցք, Սյունիք և Զանգեզուր բառերը չկան։ Իսկ ի՞նչ է՝ Կովսական և Որոտան բառերը կայի՞ն, որ դեկտեմբերի 18-ի գաղտնի համաձայնագրով մենք հետ քաշվեցինք նաև Կովսականի և Որոտանի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքից։ Չէ՞ որ այդ տարածքները մեր վերահսկողության ներքո էին նոյեմբերի 9-ի դրությամբ և ապահովում էին Սյունիքի թիկունքը, բայց զորքերին հրաման տրվեց հետ քաշվելու իրենց զբաղեցրած դիրքերից։
Ի՞նչ ասել է՝ Զանգեզուրի միջանցքի փոխարեն մենք էլ Նախիջևանի միջանցք ենք ստանալու, սա ի՞նչ ապակողմնորոշում ու մանիպուլյացիա է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս զիջումները համազո՞ր են։ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները կարող են ընդհուպ գերեվարել սյունեցուն, Շուշիից քանիցս կրակել են Ստեփանակերտի բնակելի շենքերի վրա։ Այսքանից հետո այդ ո՞ր հայն է երթևեկելու թշնամական Նախիջևանի տարածքով։