Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ. ՍԽԱ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

Սխա՞լ են արդյոք ՀՀ իշխանությունները հաշվարկել հաղորդակցության ապաշրջափակման և հայկական շուկա թուրքական էժան ապրանքների ներթափանցման հետ կապված ռիսկերը: Սխա՞լ են հաշվարկել, թե ինչ կլինի հայկական տեքստիլի ու գյուղատնտեսության հետ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

«Չեմ կարծում, որ իշխանություններն այդ ամենն արել են: Նրանք ընդունակ չեն դրան, չունեն համապատասխան կադրային բազա: Մենք ռիսկի ենք դիմում, երբ պետությունը փորձում է անկանխատեսելի խաղի մեջ մտնել՝ առանց հաշվի առնելու փորձագիտական հանրության կարծիքը»,- ասաց նա:

Սահմանների բացումը, նրա խոսքերով, նշանակում է թուրքական գյուղմթերքների ներթափանցում և, որպես հետևանք, հայկական գյուղատնտեսության անկում:

«Եթե այս ծրագիրը տեսանելի ապագայում իրականացվի, շատ քիչ հավանական է, որ հայ արտադրողները կկարողանան իրենց տեղն ունենալ թուրքական շուկայում: Մյուս կողմից, մեծ է հավանականությունը, որ թուրքական ապրանքները կգրավեն հայկական շուկան: Այս առումով կարևորը հենց գյուղատնտեսությունն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Դրանց փակումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Հայաստանի համար»,- ընդգծեց փորձագետը:

Մանվելյանը բացատրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակներից մեկը հայկական շուկա տնտեսական ներթափանցման ապահովումն է:

«Նրանց համար առանցքայինը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, որի մասին նրանք անընդհատ խոսում են: Սա այն գոտին է, որտեղից նրանք կփորձեն սկսել իրենց տնտեսական էքսպանսիան: Եթե նրանց հաջողվի գրավել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ապա նրանք կիրականացնեն քաղաքականություն, որն ուղղված կլինի նրան, որ բնակչությանը համոզեն, թե այնտեղ բենզինն ու այլ ապրանքները կարելի է ավելի ցածր գներով գնել: Սա կոչվում է տարածաշրջանային «բաթումացում»: Եթե հնարավորություն ընձեռվի, Թուրքիան կվարվի նույն քաղաքականությունը, ինչ վարում է Բաթումում: Ադրբեջանա-թուրքական տանդեմը իր ներկայությունը կամրապնդի, այդ թվում`երրորդ կամ չորրորդ ընկերությունների միջոցով: Ադրբեջանական Socar ընկերության ուղղակի մուտքը հայկական շուկա, գոնե այս փուլում, քիչ հավանական եմ համարում: Այլ բան է, երբ խոսքը վերաբերում է դուստր-ձեռնարկությունների միջոցով մուտք գործելուն: Այն, ինչ նրանց չհաջողվեց անել ռազմական ճանապարհով, նրանք կանեն «փափուկ ուժի» օգնությամբ»,- եզրափակեց նա:

News.am