Ո՞Վ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ, ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությանը զուգընթաց՝ Ադրբեջանում կրկին սրվել են ռուս զինծառայողների ներկայության անցանկալիության տրամադրությունները։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը տորպեդահարում է ռուսական զորակազմի մանդատի շուրջ բանակցությունները և պնդում, թե խաղաղապահներն Արցախում տեղակայված են ժամանակավորապես։

Ակնհայտորեն՝ Ադրբեջանը եվ Թուրքիան անելու են ամեն ինչ ռուսական ռազմական ներկայությունն Արցախի՝ մեզ մնացած հատվածում նախ նվազեցնելու, ապա և չեզոքացնելու ուղղությամբ։ Արևմտյան պետությունների, նախևառաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը ևս հանգում են ռուս խաղաղապահներից տարածաշրջանն ազատելուն և նրանց փոխարինելուն, օրինակ, թուրք խաղաղապահներով (Ակնայում գործող ռուս-թուրքական մշտադիտարկման համատեղ կենտրոնը դրա առաջին ծիծեռնակն է):

Թե ինչ է լինում թշնամական զորքի առջև անպաշտպան մնացած հայության հետ, մենք լավ գիտենք։ Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը 1991-ի մայիսին բռնազավթված Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի իրականացրած «Օղակ» գործողությունն է, ինչի հետևանքով այդ տարածքը բռնի հայաթափվեց։ Прискорбно, что, как и 30 лет назад, безопасность народа Арцаха оставлена на третью страну

Արժե հիշատակել այն հանգամանքները, որոնց պայմաններում տեղի ունեցավ այդ հանցագործությունը։ Խորհրդային Միության հոգեվարքի օրերն էին, Մոսկվայից կենտրոնացված կառավարում չկար, և խորհրդային ու ադրբեջանցի զինվորականներն անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով պատերազմական հանցագործություններ իրականացրին խաղաղ հայ բնակչության դեմ, գնդակահարեցին և կացնահարեցին տարեցներին, գերեվարեցին այդ գյուղերի տղամարդկանց։

«Օղակ» գործողությունը, ինչպես ադրբեջանական զինուժի հարյուրավոր այլ ռազմական հանցագործություններ, առայսօր անպատիժ է մնացել։ Փոխարենն Ադրբեջանը և Թուրքիան ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել են միջպետական հանձնաժողով, որը պետք է հետաքննի արցախյան վերջին պատերազմում իբր հայերի կատարած ռազմական հանցագործությունները։

Ցավալիորեն, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը թողնված է երրորդ երկրի վրա։ Հայաստանն իսպառ հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր երբեմնի կարգավիճակից։ Ինչպես հայտնի է, Պաշտպանության բանակն այլևս չի համալրվում հայաստանցի զորակոչիկներով, լուրջ հարցականի տակ է զինտեխնիկայի փոխադրումը Լաչինի միջանցքով։ Չկա նաև իրավապայմանագրային բազա Հայաստանի և Արցախի միջև՝ հնարավոր նոր պատերազմի դեպքում ՀՀ-ի պարտավորությունների առումով։

Թեև այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն է ապահովում Արցախի՝ մեզ մնացած հատվածի բնակչության ֆիզիկական անվտանգությունը, ռուս զինծառայողների ներկայությամբ ադրբեջանցիները թիրախավորում են խաղաղ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Թշնամին Շուշիից կրակում է Ստեփանակերտի ուղղությամբ, քարկոծում Կարմիր Շուկայով անցնող հայկական պետհամարանիշերով մեքենաները, կրակ բացում հայկական դիրքերի, բնակավայրերի, արոտավայրերի ուղղությամբ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գործելու հանձնառությանը մնացել է չորս տարի։ Այդ չորս տարում տարածաշրջանում և Ռուսաստանի ներսում կարող են անկանխատեսելի և շրջադարձային փոփոխություններ լինել, ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը կարող է տրամագծորեն փոխվել, և այդ դեպքում բնավ երաշխիք չկա՝ ո՞վ է ապահովելու Արցախի հայության անվտանգությունը։ Արցախը չի կարող և չպետք է դառնա Աֆղանստան, ռուսական զորքն էլ՝ ամերիկյան խաղաղապահ կոնտինգենտ։ Թալիբները, իմա՝ Ալիևները, Արցախում երբեք չպետք է գան իշխանության։