ԴԻՎԵՐՍԱՆՏԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԻՐԵՆՑ ՀՈՂԻ ՎՐԱ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵՐԿՈՒ ԱՆԶԵՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

Սեպտեմբերի 7-ին հայրենիք վերադարձան երկու հայ զինծառայողներ, որոնց ճակատագիրն անհայտ էր հուլիսի 14-ից ի վեր: Նրանց վերադարձը հնարավոր դարձավ արցախցի երկու տղաների շնորհիվ, որոնք այն աստիճան համարձակ ու հնարամիտ էին գտնվել, որ օգնել էին բռնել Մարտակերտում իրենց տուն մտած ու սպանել սպառնացող ադրբեջանցի դիվերսանտին։ Այս սյուժեն ակամայից հիշեցրեց, թե ինչպես Հայաստանի իշխանությունները հապշտապ վերադարձրեցին Ալիևի սիրելի դիվերսանտներին, որոնք 2014 թվականին նրա հրամանով Քարվաճառում սպանել էին հայ պատանուն։ Երկու մարդասպաններն առաջինն էին, ում Փաշինյանը՝ հավատարիմ շնիկի պատրաստակամությամբ, վերադարձրեց պատերազմից հետո իր «կիրթ» յուզգյարին։

Նախեվառաջ շնորհավորենք եվ՛ նախկին գերիներին, և՛ նրանց հարազատներին դժոխքից վերադարձի առթիվ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի երեկ հրապարակած զեկույցը պատկերացում է տալիս (գուցեև ոչ ամբողջական), թե ինչ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների են ենթարկվում հայ գերիներն Ադրբեջանում: Դրա հետ մեկտեղ, հերթական ցինիկ գործարքն արդեն բազմաթիվ մեկնաբանություններ ու հարցեր է առաջացրել փորձագետների մոտ։ Ավելին, այն հայելու պես արտացոլեց ներկայիս իրավիճակը ոչ միայն գերիների հարցում, այլև ընդհանրապես տեղի ունեցող գործընթացները։

Հասկանալի է, որ գործարքը զուտ օպերատիվ բնույթ է կրել և մեծ հաշվով չի մոտեցրել և տեղից չի շարժել հայ գերիների վերադարձի սառեցված գործընթացը։ Նույնքան հասկանալի է, որ փոխանակումը հնարավոր է դարձել բնավ ոչ հայկական իշխանությունների ջանքերով, եթե, իհարկե, այդպիսիք ձեռնարկվել են, այլ ավելի շուտ՝ հակառակ նրանց անգործությանը։ Վերջապես, կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը բացահայտ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաները, սակայն Հայաստանի իշխանությունները դրան բացարձակապես չեն արձագանքում և չեն դիմում միջազգային կառույցներին՝ ոչ միայն բոլոր գերիներին վերադարձնելու, այլև Ալիևի հանցավոր ռեժիմին պատժելու պահանջով։

Մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը բռնազավթել են ինքնիշխան Հայաստանի տարածքները և շարունակում են անարգել մնալ այստեղ։ Այդ ընթացքում նրանք գերի են վերցրել ընդհանուր առմամբ 9 հայ զինծառայողների, եթե, իհարկե, հավատանք պաշտոնական հաղորդագրություններին։ Նրանցից 6-ը մայիսի 27-ին ինժեներական աշխատանքներ էին կատարում, 4-ին վերադարձրեցին կարճ ժամանակ անց, սակայն երկուսը մնում են գերության մեջ: Հուլիսի 14-ին անհետացան ևս երկու հոգի՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը. հենց նրանք են վերադարձվել երեկ։ Օգոստոսի 22-ին կորավ ևս մեկ զինծառայող՝ Արթուր Դավիդյանը, որի մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա. Պաշտպանության նախարարությունը միայն մեկ անգամ հաղորդեց, թե իբր՝ ստուգվում է նրա հնարավոր գերեվարման և Ադրբեջանում գտնվելու մասին տեղեկատվությունը:

Ընդգծեմ ևս մեկ անգամ. բոլոր այդ 9 հայ զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս գերի են վերցվել Հայաստանի տարածքում՝ այդ տարածքը բռնազավթած ադրբեջանցի զինվորականների կողմից: Ընդգծեմ նաև, որ Հայաստանի տարածքում գտնվող մոտ հազար ադրբեջանցի զինծառայողներից ոչ մեկը գերեվարված չէ՝ հայ գերիների հետ փոխանակման համար։ Հակառակը, դատելով մամուլի հաղորդագրություններից, նրանք բավական ազատ տեղաշարժվում են, ինժեներական աշխատանքներ կատարում և ամրացնում իրենց դիրքերը, ինչպես նաև՝ բազմաթիվ հանցագործություններ կատարում Հայաստանի քաղաքացիների դեմ. գողանում են անասուններն ու այլ ունեցվածք, գնդակոծում ու վնասում գյուղացիների տները, հրկիզումներ կազմապերպում և այլն։ ՀՀ իշխանությունները մտադիր էլ չեն ինչ-որ բան ձեռնարկել այդ առնչությամբ, պնդելով, թե իբր՝ «բանակցություններ են ընթանում»։ Սակայն նրանց վաղուց ոչ ոք այդ մասին չի էլ հարցնում, իսկ առանձին պետական պաշտոնյաներ «գերագույն գլխավոր հրամանատարի» հրամանով ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե դրանք, իբր, ադրբեջանական տարածքներ են։

Ավելի մանրամասն կանգ առնենք Նալբանդյանի եվ Տոռոզյանի դեպքի վրա, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, մոլորվել էին Սյունիքի մարզի Սև լճի շրջանում հուլիսի 14-ի լուսաբացին։ Դեռ այն ժամանակ փորձագետներն ուշադրություն էին հրավիրում աղաղակող փաստի վրա. զինծառայողները, որոնք իրենց պարտականություններն են կատարել մի տարածքում, որտեղ շրջում է մինչև ատամները զինված թշնամին, սահմանի վրա մշտական լարվածության խորապատկերին, անզեն են եղել։ ՊՆ-ն ինքն է հաղորդել այդ մասին, սակայն ոչ մի կերպ չի բացատրել, թե ինչո՞ւ զինծառայողները գործնականում ռազմական դրության պայմաններում իրենց մոտ զենք չունեն։ Որպեսզի պատահաբար չգնդակահարե՞ն ադրբեջանցուն, որը գերեվարվում է իրենց հայկական տարածքում։ Կամ հնարավորություն չունենա՞ն դիմադրել, երբ իրենց առևանգում են։

Մենք բնավ պատահական չենք հնարավոր համարում նման վարկածը։ Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքուն առևանգել է հայկական սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, ներկայացնելով նրանց իբրև մոլորվածներ և օգտագործելով սեփական քարոզչական նպատակներով, խոշտանգելով ու մի շարք դեպքերում սպանելով: Ի՞նչն է խանգարում նրանց ներկայումս էլ այդպես վարվել, գերի վերցնելով անզեն հայ զինվորականներին, իսկ հետո օգտագործել իրենց դիվերսանտների հետ փոխանակելու համար։ Եվ ինչո՞ւ են հայկական տարածքում մառախուղի պատճառով ճանապարհը կորցնում բացառապես մեր զինվորականները, իսկ այ ադրբեջանցիների հետ նման բան չգիտես ինչու չի պատահում, թեև պիտի որ հակառակը լիներ։

Փորձագետները, մասնավորապես՝ Տիգրան Աբրահամյանը, այսօր նշում են, որ Արցախի տարածք ներթափանցած դիվերսանտի այսչափ արագ ու հեշտ վերադարձը կարող է նախերգանք ծառայել նման դիվերսանտների զանգվածային ներթափանցման համար: Հնարավոր է, որ առևանգելով հայ զինվորականներին՝ Ալիևը յուրօրինակ «պաշար» է հավաքում հետագա փոխանակումների համար, որպեսզի չվերադարձնի իր կողմից «ահաբեկիչներ» կոչված և տարբեր ժամկետների դատապարտված ռազմագերիներին։ Աբրահամյանը նաև հարց է տալիս. պարզե՞լ են արդյոք համապատասխան ծառայությունները, թե ինչ նպատակով է Ջամիլ Բաբաևը ուղարկվել Արցախ։

Վերադառնանք, սակայն, մեր զինվորականներին, որոնք չգիտես ինչու առանց զենքի են աշխատում սեփական տարածքի բռնազավթված գոտում և գերի են ընկնում չբացահայտված ու տարօրինակ հանգամանքներում։ Բոլոր երեք դեպքերը հարուցում են մի շարք լուրջ հարցեր, որոնց Պաշտպանության նախարարությունն ու ընդհանրապես կառավարությունը ակնհայտորեն մտադիր չեն պատասխաննել և պարզաբանումներ տալ: Երեքուկես ամիս շարունակ երկու հայ զինծառայողներ համարվում էին անհետ կորած, Իսկ ՊՆ-ն ընդամենը մեկ-երկու անգամ է հանդես եկել հաղորդագրությամբ, թե իբր՝ որոնողական աշխատանքներ են տարվում: Միաժամանակ հավելելով, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգվում է նրանց գերեվարված լինելու մասին տեղեկատվությունը։

Ըստ էության, երեքուկես ամսվա ընթացքում իշխանություններն այդպես էլ չկարողացան «ստուգել տեղեկությունները», իսկ Ադրբեջանը թաքցնում էր այդ տեղեկատվությունը, չնայած միջազգային նորմերի համաձայն՝ պարտավոր է անմիջապես տեղեկացնել գերության փաստի մասին: Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ Հայաստանի ՊՆ-ում գերազանց տեղյակ են եղել, որ Նալբանդյանն ու Տոռոզյանը գերության մեջ են, բայց միտումնավոր լռել են այդ մասին։ Քանզի երկիրը, որն իսկապես մտահոգ է իր կորած քաղաքացիների ճակատագրով, միանգամից ակտիվ աշխատանք կտաներ բոլոր ճակատներում՝ ճշգրիտ տեղեկություններ պահանջելով Բաքվից։

Նման բան Հայաստանը պետական մակարդակով չի արել և չի անում, և կարելի է վստահորեն պնդել, որ իշխանությունները՝ ի դեմս ՊՆ-ի և ԱԳՆ-ի, միայն օժանդակում են Ադրբեջանին, սեփական հասարակայնությունից թաքցնելով իրական վիճակը։ Այլապես հարկ կլինի արձանագրել համապատասխան կառույցների աղաղակող անիրազեկությունն ու դիլետանտիզմը, ինչպես նաև պետության ցինիկ-անտարբեր վերաբերմունքը իր քաղաքացիների ճակատագրի նկատմամբ։

Այն փաստը, որ ոչինչ չի ասվում մայիսի 27-ին գերեվարված վեց հոգուց երկուսի, ինչպես նաև օգոստոսի 22-ին անհետացած Դավիդյանի վերադարձի մասին, դրա առավել քան ակներև ապացույցն է։ Հերթական վկայությունն այն ակնհայտ փաստի, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համաձայնեցված կերպով կեղտոտ խաղ են վարում, որտեղ խաղադրույքը հայի կյանքն է և հայկական պետության ճակատագիրը։ Այս արյունոտ խաղի կանոնները թելադրում են ռազմական հանցագործներ Ալիևն ու Էրդողանը, իսկ Նիկոլ Վովայիչ անունով խաղազինվորիկը լոկ հնազանդորեն հետևում է նրանց հրամաններին, կատարելով գուցե նույնիսկ ավելի հրեշավոր հանցագործություններ, քանզի դրանք ուղղված են իր իսկ ժողովրդի դեմ։