Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», - ասել է Մուրադովը:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա: