Փաստաբան․ Խախտվում են Առուշանյանի իրավունքները, դատարանի որոշումը բողոքարկելու ենք

Սպասելի որոշում չէր, քանի որ Առուշանյանը չի կարող գտնվել կալանքի տակ, որովհետև նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, իսկ սպասելի էր այնքանով, որ մեր դատական համակարգը ներկա պահին գտնվում է խայտառակ վիճակում։ Այս որոշումը, բնականաբար, հնարավորինս արագ բողոքարկելու ենք, ժամանակ չենք կորցնելու, անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշմանը, ասել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ News.am-ի հետ զրույցում։

Փաստաբանի կարծիքով՝ Առուշանյանին կալանքի տակ պահելով խախտվում է նաև նրա ընտրելու և ընտրվելու իրավունքը, քանի որ Առուշանյանը առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին։

«Մենք գործ ունենք երկու հանրային շահի հետ՝ քննության շահը և մարդու սահմանադրական իրավունքի իրացումը։ Դնենք այս երկուսը նժարի վրա։ Ինչո՞ւ նախապատվությունը տվեցին քննության շահին, ես չգիտեմ։ Խախտվում է Առուշանյանի ընտրելու և ընտրվելու իրավունքը, և այս ամենի համար կարող ենք շնորհակալություն հայտնել մեր դատական իշխանությանը։ Բնականաբար, պետությունը նման պարագայում ոչ հավասար ընտրական պայմաններ է ապահովում Առուշ Առուշանյանի համար, բայց միևնույն է, նա մասնակցելու է ընտրություններին»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը, տեղեկացնում է Aysor.am։