Լին Թրեյսի․ ԼՂ կարգավիճակի հարցը մնալու է Մինսկի խմբի օրակարգում
Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ-ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով:
«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի գերիների հարցը դեռ լուծված չէ։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: