ԱՐՑԱԽԸ ՄՏՔՈՒՄ ՎԱՌ ՊԱՀԵԼ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Այս փուլում օրախնդիր հիմնահարցն, իհարկե, Սյունիքում միջպետական նշանակության ավտոճանապարհի և սահմանապահ դարձած համայնքների անխնա բզկտումն է։ Արտաքին թշնամու կամայականություններն ուղեկցվում են մեր իշխանության լռելյայն համաձայնությամբ և անգամ հավանությամբ։ Տեղանվանական պատերազմում, որն Ադրբեջանն սկսել է մեր դեմ, Փաշինյանն ակնհայտորեն թշնամու ճամբարից է խաղում, վկա՝ նրա կողմից Էյվազլի, Չայզամի և այլ թյուրքածին անվանումների հաճախակի կիրառությունը։

Ցավոք, Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի մտահոգիչ զարգացումների ֆոնին գրեթե իսպառ աչքաթող է արվում Արցախի զավթված շրջաններում մեծ թափով տեղի ունեցող անխնա ադրբեջանականացումը։ Տեղանուններից մինչև քրիստոնեական հուշարձաններ՝ հայկական հետքերն անվերադարձ և վերջնականապես մաքրվում են Արցախից։

Բաքուն արդեն ավանդույթ է դարձրել այսպես կոչված ուդիական համայնքի այցելությունները զավթված Քաշաթաղի շրջան, հատկապես՝ Ծիծեռնավանք, որը 5-րդ հայկական հնագույն վաղքրիստոնեական սրբավայրերից է։ Թշնամին որոշել է առավել «գթասիրտ» գտնվել՝ այն ոչ թե ոչնչացնում է, ինչպես Շուշիի Կանաչ ժամը, այն աղվանացնում՝ ջնջելով հայկական արձանագրություններն ու անվանումը, Ծիծեռնավանքն էլ կոչելով Աղօղլան։

Նույն ճակատագրին է արժանացել նաև Քարվաճառի մարգարիտը՝ Դադիվանքը։ Որպես վանական համալիր՝ այն արդեն իսկ ամբողջապես աղճատված է, թշնամին այն կոչում է իբր աղվանական, իրականում՝ աղավաղված թյուրքական անունով՝ Խուդավենգ։

Ի դեպ, արդեն ամիսներ շարունակ հայ հոգևորականները և ուխտավորները չեն կարողանում հասնել Դադիվանք, նույնիսկ ռուս սահմանապահների ուղեկցությամբ նրանց արգելում են այցելել վանական համալիր՝ անհեթեթ պատճառաբանություններով։  Փոխարենը լուսանկարներից պարզ է դառնում, որ Դադիվանքի տարածքը թշնամական զորքի համար ճոխ կերուխումների կազմակերպման վայր է դարձել։

Փաշինյանի համար անարժեք Շուշին լայն թափով վերակառուցվում է, ավելի ճիշտ՝ մաքրվում պատերազմի և հայկական ներկայության բոլոր հետքերից։ Հունոտի կիրճի ափին գտնվող Կատարոտը՝ աշխարհի ամենահիասքանչ բնապատկերներից մեկը, դարձել է մուղամի փառատոնի, ձիարշավների, օտարերկրացի պաշտոնյաների այցերի հիմնական վայր։ Գերված քաղաքի մեծադիր ադրբեջանական դրոշն ու լուսավորված փողոցները երևում են Ստեփանակերտի բոլոր անկյուններից։

Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախում մնացած հայությանն ահաբեկելու և հոգեբանական տեռորի մեջ պահելու համար՝ պարբերաբար խոսում է Լաչինի միջանցքի հնարավոր փակման, ռուս խաղաղապահներին մանդատ չտրամադրելու, Ստեփանակերտն արբանյակներով և այլ միջոցներով ամբողջապես հսկելու և այլ թշնամական գործողությունների մասին։ Հայաստանը, որն Արցախի անվտանգության երբեմնի երաշխավորն էր, ոչ միայն լուռ է, այլև ի զորու չէ հակադարձելու անգամ սեփական անվտանգությանը նետված մարտահրավերներին։

Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի բնավակայրերի ադրբեջանականացման քարոզչությունը թշնամի երկրում նոր ու անասելի թափ է առել։ Կապանը, Գորիսը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Սևանը, Մասիսը և անգամ Երևանը Բաքվի փողոցներում լայնորեն ներկայացվում են իբրև հնագույն ադրբեջանական բնակավայրեր։ Ի պատասխան դրա՝ ԱԺ-ում իշխող խմբակցությունն ինչ-որ խորհրդային քարտեզներով հիմնավորում է մեր տարածքում ադրբեջանական ոստիկանական հենակետի գոյությունը։

Ալիևը անցած տասն ամսում արդեն յոթ-ութ անգամ իր ընտանիքի անդամների հետ եղել է Շուշիում։ Նրա հայ պաշտոնակիցը, պարզվում է, պատերազմից հետո, ընդհակառակը, լրջորեն վերաիմաստավորել է «Արցախը Հայաստան է վերջ» բացականչությունը և չի այցելում Ստեփանակերտ։ Փաշինյանն այսքան տասնամյակում Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ չմեկնեց Արցախ ո՛չ մայիսի 9-ին, ո՛չ սեպտեմբերի 2-ին։

Մինչդեռ 2018-ի մայիսի 8-ին՝ իր ընտրության օրը, նա ասում էր, թե խորհրդանշական է, որ ինքը վարչապետ է ընտրվում հենց Շուշիի ազատագրման օրը։ Փաստորեն, այդ խորհուրդը պետք է լիներ Շուշիի հանձնումը։