ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻԲՐԵՎ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Շատերի համար ուշագրավ մտավարժանք է դարձել պատկերացնելը, թե ինչ կլիներ մեր պետության հետ, եթե պատերազմի օրերին և դրանից հետո Հայաստանը ղեկավարեր այլ մեկը, օրինակ՝ նախկին նախագահներից յուրաքանչյուրը։ Կսկսվե՞ր պատերազմը, ինչպե՞ս կընթանար, ե՞րբ կավարտվեր, ի՞նչ կորուստներով, թե՞ հակառակը՝ միգուցե անգամ հաջողություններով։ Հետաքրքրական է, որ այս օրերին ամենաշատը Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն է մարդկանց շուրթերին։ Ընդ որում, իշխանական ստահակները չեն խորշում անգամ Սպարապետի անունն իրենց ճղճիմ ներքաղաքական շահարկումներում օգտագործելուց։

Այսօր առավել քան արդիական են հնչում նաև Գարեգին Նժդեհի խոհերը հայության պատմական սխալների մասին։ Օրինակ, այս մեկը՝ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»։ Արժե նախևառաջ սեփական մեղավորության մասին հիշել՝ նախքան ՌԴ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, անգամ Թուրքիային և Ադրբեջանին մեղադրելը։ Որևէ երկիր՝ դաշնակից, թե թշնամի, պարտավոր չէ առաջնորդվել հայկական պետական շահերով, եթե մենք ինքներս դա չենք անում։

Այն, որ արդեն մոտ մեկ տարի է՝ պարզապես խաղաղություն ենք մուրում թշնամուց, օգնություն՝ դաշնակցից, սակայն չենք ստանում ոչ մեկը և ոչ մյուսը, նախևառաջ ներքին խոր մտահայեցման ենթակա փաստ է։ Չի կարող մի իրավիճակ լինել, երբ բոլոր ազգերն ու պետությունները սխալ լինեն, մեզ թշնամի կամ դավաճան, չգիտակցեն մեր և իրենց շահերի համընկնումները, և գործեն մեր դեմ։ Անհրաժեշտ է գտնել այն բեկումը, խզվածքը, որը սկիզբ և պատճառ դարձավ հակազգային և հակապետական օրակարգի՝ համազգային և համապետական մասշտաբով սպասարկման։

Աբսուրդի գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ալբեր Քամյուն, կարծում էր, թե կա միայն մեկ իրապես կարևոր փիլիսոփայական հարց՝ ինքնասպանությունը։ Եթե մարդը տալիս է այդ հարցի պատասխանն ինքն իր համար, այսինքն որոշում է՝ արժե՞ ապրել այս կյանքը, թե՞ ոչ, նա լուծում է փիլիսոփայության կենտրոնական հարցը և իր գոյաբանական հիմնախնդիրը։

Քամյուի այս գաղափարախոսությունը հանգիստ կարելի է տարածել նաև ժողովուրդների վրա։ Ակնհայտորեն այն միայն մարդկանց չի վերաբերում, այլ նաև հանրույթներին, ազգերին և պետություններին։ Եթե մի հանրույթ հավաքական որոշում է կայացրել՝ լռելյայն զրկվելու պետությունից, ավելի ճիշտ՝ որևէ կերպ չդիմադրելու պետականազրկմանը, ստացվում է՝ գնում է գիտակցված ինքնասպանության՝ իբրև ազգ, հավաքականություն և պետություն։ Այդպիսով՝ հանրույթը փաստորեն լուծում է իր գոյաբանական խնդիրը հօգուտ չգոյության, և որևէ մեկը չի կարող նրան կանգնեցնել։

Մեկ այլ փիլիսոփա էլ՝ դանիացի Սյորեն Կիերկեգորը, որպես մարդկային գոյության աբսուրդի օրինակ՝ բերում է Աբրահամի որդի Իսահակի զոհաբերման աստվածաշնչյան առասպելը, և պարադոքսն այն է, որ սպանության փորձը վերածվում է սրբազան ծիսակատարության, ինչի շնորհիվ Աբրահամը փրկում է իր զավակին՝ Իսահակին։

Մեր դեպքում կա պայմանական Իսահակն էլ, կա զոհասեղանն էլ, բայց այդ սպանությամբ մենք ոչինչ չենք վերադարձնելու, ճիշտ հակառակը՝ կորցնելու ենք, և անդառնալիորեն՝ մի վերջին անգամ։ Ինքնիշխան պետության կորստի հեռանկարը թվում է ինչ-որ հեռավոր, մշուշոտ և անհնարին սցենար, մինչդեռ վերջին տասնամյակներում մեր աչքի առաջ շատ ավելի հզոր ինքնիշխան պետություններ են վերացել քարտեզից։

Ի վերջո, պետության նոմինալ գոյությունը որևէ մեկին պետք չէ։ Սիրիան, Լիբիան, Եմենը, Աֆղանստանը ևս անվանապես գոյություն ունեն և նույնիսկ ՄԱԿ-ի անդամ են, բայց դրանցից որևէ մեկում կենտրոնական իշխանությունը չի վերահսկում երկրի ամբողջ տարածքը, ավելին՝ գործում են տեղական ինքնահռչակ կառավարություններ, զինված խմբեր ու խունտաներ, որոնք սեփական կարգն են սահմանում իրենց զբաղեցրած տարածքներում։

Մեծ եղեռնից հետո ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսն ասում էր, թե Հայաստանը վերջին շնչում է, բայց կհառնի, իսկ հայերի հեղած արյունից կծնվի մի նոր հերոսական սերունդ։ Հիմա ճիշտ հակառակն է՝ հերոսական սերունդն արյուն հեղեց և նահատակվեց պատերազմում, իսկ վերջին շնչում գտնվող Հայաստանի հառնելու հեռանկարը խիստ մշուշոտ է։