Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնի. պարտադրված չեղարկել են այցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը չի կայանա։ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

 «Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որևէ իրավական պատճառ չկար, քանի որ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, և դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը»,– նշված է հայտարարության մեջ։

Դաշինքը տեղի ունեցողը գնահատում է որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսևորում և պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց։