Նախագահը կամ մեկ այլ պաշտոնյա կհամաձայնի՞ դրան. Բաբլոյանը` ՊՇՌ թեստ չհանձնելու մասին

"Արաբկիր" ԲԿ-ի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը և բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում ՊՇՌ թեսթ հանձնելուց ազատվելու հանգամանքին։

Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է լինել ավելի զգոն։ Մի կողմից մեր հասարակությունը պետք է պաշտպանի այն կանոնները, որոնք առավելագույն չափով կտան համավարակի տարածումը կանխարգելելու հնարավորություն, մյուս կողմից մարդիկ իհարկե պետք է գնան պատվաստումների` ակտիվացնելով այդ գործընթացն իրենց մասնակցությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց "Արաբկիր" ԲԿ-ի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

"Հայաստանն աշխարհի բաղկացուցիչ մասն է և այն, ինչ տեղի է ունենում այլ երկրներում, չի կարող տեղի չունենալ նաև Հայաստանում, մանավանդ որ ամռան ընթացքում միգրացիայի ցուցանիշը բարձր է, և շփումները բերեցին նրան, որ Հայաստան ներթափանցեց ու տարածվեց նաև կորոնավիրուսի "դելտա" շտամը",– նշեց նա։

Անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծին, որի հաստատման դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները կազատվեն ՊՇՌ թեսթ հանձնելու պարտականությունից` Բաբլոյանն ընդգծեց, որ չէր ցանկանա հարցը քաղաքականացնել, բայց նաև շեշտեց, որ իր համար ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարը կամ շարքային քաղաքացին նույն հարթությունում են և պետք է նրանց նկատմամբ ցուցաբերվի նույն մոտեցումը, բոլորը պետք է ենթարկվեն նույն կարգ ու կանոնին։

"Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն, վստահ չեմ, որ նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա պետք է համաձայն լինի դրան։ Մենք ամեն դեպքում պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անձ ունի իր պատկերացումն այդ հարցում, բայց հանրության իրավունքն էլ կախված է յուրաքանչյուրի վարքագծից",– ասաց նա։

Բաբլոյանի կարծիքով` երբ առկա են համավարակի տարածման մտահոգիչ ցուցանիշներ, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք անհատի իրավունքը կարող է գերակա լինել հանրության իրավունքից։ Ըստ նրա` եթե ցանկանում ենք փրկել հասարակությանը, ժողովրդին, ապա չենք կարող հույս դնել անհատի աշխարհայացքի վրա, հետևաբար պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։

Նշենք, որ շրջանառության մեջ է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունըտարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։

Նախագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը և եթե այն ընդունվի, օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

Sputnik Արմենիա