ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԿՑԻԱՆԵՐ ԿԼԻՆԵՆ․ Սաղաթելյան

«Այս օրերին մեզ շատ են քննադատում մանդատները վերցնելու, խորհրդարանում հայտնվելու համար, որովհետև ՀՀ շատ քաղաքացիներ մեզ քվեարկել են այս իշխանությանը հեռացնելու և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Այս պահին քաղաքացիների այդ պահանջը կատարված չէ, և կա քննադատություն», - «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա մանրամասնել է, որ այն իրավիճակում, որը երկրում ու դրա շուրջ ստեղծել է գործող իշխանությունը, երբ երկիրը սպառնալիքների տակ է, թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում ոստիկանական անցակետ է տեղադրում, խորհրդարանական ընդդիմության կողմից «գլուխները կախ» օրենսդրական աշխատանքով զբաղվելն անհասկանալի և անընդունելի կլինի, ուստի վտանգները չեզոքացնելու համար պայքարը շարունակվելու է։  

«Մանդատը մեզ երբեք չի կաշկանդում փողոցային քայլեր, գործողություններ, պայքար մղելու, հանրահավաքներ անելու՝ այս իշխանության դեմ, նորից նոր ծավալի բողոքի ակցիաներ սկսելու։ Առաջիկայում ականատես կլինեք բողոքի ակցիաների, քայլերի, գործողությունների։ Մենք չենք գնացել խորհրդարան ու ասել՝ սիրելի՛ քաղաքացիներ, պայքարն ավարտվում է, մենք դառնում ենք խորհրդարանական ընդդիմություն», - ասել է Սաղաթելյանը։

Ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված քաղաքական գնահատականները չափազանց սուր որակողներին Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, թե ինչ հիմքեր ունեն դրանք։

«Ասում ենք հողատու, որովհետև հողերը տվել է, ասում ենք՝ կապիտուլյանտ, որովհետև կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել, ասում ենք՝ դավաճան, որովհետև նաև այս վերջին դեպքերը ևս մեկ անգամ փաստեցին սրանք պետական դավաճանության տիպիկ օրինակներ են։ Բանավոր հայտարարություններով ՀՀ ինքնիշխան տարածքը տալիս են թշնամուն, այդ թվում՝ Գորիս-Կապան ստրատեգիական ճանապարհի մի կարևոր հատվածը», - շեշտել է նա։

Aysor.am