Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ՄԻԵԴ-ՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ԳԱՆԳԱՏԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:
Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում: Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում:
Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել:
Մոռացա նշեմ, որ ձևական դիմումատուն վճռով կստանա 9000 եվրո որպես բարոյական վնասի հատուցում»:
Նշենք, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերությանը իր թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի տպագրումը։