ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԵՐԵՑ ՆՈՐ ԶՈՀԵՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական շրջանում Փաշինյանը խոստանում էր իր վերընտրությամբ բացել կայուն խաղաղության դարաշրջանը Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ո՛չ հետպատերազմյան առաջին ամիսներին, ո՛չ նախընտրական փուլում, ո՛չ էլ այսօր, ցավոք, Զինված ուժերում զոհերի և վիրավորների վիճակագրությունը բնավ խաղաղության մասին չի վկայում։ Ընդհակառակը, և՛ Արցախում, և՛ Հայաստանի սահմաններին՝ դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, թշնամու ոտնձգությունները շարունակվում են։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ում առաջին մարտական զոհն ունեցանք արդեն մայիսին՝ Վերին Շորժայում ադրբեջանցիների հաստատվելուց օրեր անց։ Հաջորդեցին ևս մի քանի զոհեր ու վիրավորներ Կութի, ապա և Երասխի ուղղությամբ։ Եթե պատերազմում մեր կորուստների թվական տվյալներն այդպես էլ չամփոփվեցին և չհանրայնացվեցին, ապա բաց աղբյուրներից կարելի է դատողություն կազմել հետպատերազմյան տասն ամսում մեր զոհերի թվի մասին։

Մասնավորապես, ի մի բերելով նոյեմբերի 10-ից ի վեր մեր զինուժի մարտական և ոչ մարտական կորուստների մասին տեղեկատվությունը՝ պարզվում է, որ պատերազմից հետո հայկական բանակն ունեցել է 74 զոհ, որոնցից 27-ը՝ մարտական կորուստներ։ Համեմատության համար պետք է նշել, օրինակ, 2013-ը, երբ գրանցվեց ռեկորդային ցածր թվով՝ 31 մահ՝ 5 մարտական և 26 ոչ մարտական կորուստ։ Իսկ Փաշինյանը մինչև պատերազմը հանրությանը մոլորեցնում էր, թե բանակում մահացության ցուցանիշի նվազման առումով իր կառավարությունն է աննախադեպը։

Պատերազմից մեկ տարի անց հարյուրավոր անհետ կորածների չհայտնաբերման, գերիների վերադարձի դանդաղման, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով հաճախակի դարձած սպանությունների և ինքնասպանությունների, թշնամու կրակոցից զինծառայողների մահվան և վիրավորումների ֆոնին չկա իշխանության նույնիսկ խոսքային պատասխանատվությունը, ասենք՝ ներողության կամ հրաժարականի տեսքով։

Պաշտպանության անցումային նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկության պատճառն այդպես էլ չպարզաբանվեց։ Խիստ կամընտրական և անկանոն են նաև Գլխավոր շտաբում հայտնի հայտարարությունն ստորագրած գեներալների ազատումներն ու նոր նշանակումները։ Գործընթացը հիշեցնում է 2018-20 թթ-ին Արցախի ՊԲ հրամանատարների հաճախակի և չպատճառաբանված փոփոխությունները, երբ ամեն հաջորդ նախարար ավելի թույլ ու կամազուրկ էր։

Ուշագրավ է, որ չկա նաև այն ավանդական վայնասունը, որը տասնամյակներ շարունակ բարձրացնում էին մի շարք իրավապաշտպան անվանվող ՀԿ-ներ։ Մինչև 2018-ը դրանք մանրամասնորեն հաշվարկում էին զորքերում մարտական և ոչ մարտական կորուստները, ճշգրտում զինվորների մահվան հանգամանքները, վարում սեփական հետաքննություններ, անգամ ճնշում էին գործադրում պետության ռազմաքաղաքական ղեկավարության վրա, շատ հաճախ՝ անհարկի և քաղաքականապես մոտիվացված։

Երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով անգամ մեկ զոհի մահվան հանգամանքները քննարկվում էին ամիսներ շարունակ։ 2013-ին զորամասում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը որդու դին դագաղով բերել էր կառավարության շենքի առջև, մինչև Օհանյանն անձամբ չգնաց և չհանդիպեց զոհի ծնողներին։

Այսօր իրողությունն այն է, որ Անկախության օրվա տոնական և գունագեղ միջոցառման դեմ բողոքի ակցիաներին ընդամենը մի քանի տասնյակ զոհի բարեկամ է մասնակցում։ Ցավալիորեն լուռ են անգամ այն հերոսների հարազատները, որոնց անունները պատերազմից մեկ տարի անց նույնիսկ չեն հրապարակվել։ Միայն լրագրողներն են, որ հազարավոր հերոսական պատմությունների փնտրտուքով փորձում են վառ պահել յուրաքանչյուր նահատակի հիշատակը և խոսել հերոսների մասին։