Ադրբեջանը թույլ չի տվել, որ իրանական կարտոֆիլը մտնի իր տարածք

Ադրբեջանն արգելել Է Իրանից մոտ 118 տոննա կարտոֆիլի ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ադրբեջանի սննդային անվտանգության գործակալության աշխատակիցները զննել են Իրանից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակը։ Զննության ընթացքում փորձանմուշներ են վերցվել, որոնք ուղարկվել են սննդային անվտանգության ինստիտուտի լաբորատորիա։ Ուսումնասիրությունների արդյունքում կարտոֆիլի խմբաքանակում իբր հայտնաբերվել է պոտենցիալ վտանգ ներկայացնող կարանտինային վնասատու` կարտոֆիլի ցեցի թրթուրներ (Phthorimaea operculella)։

Հատկանշական է, որ գյուղմթերքի արգելքը գրանցվել է Բաքվի ու Թեհրանի հարաբերությունների որոշակի սրացման ֆոնին։ Սեպտեմբերի 12-ից Ադրբեջանը սկսել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհին (տեղ–տեղ ճանապարհն անցնում է Բաքվի հսկողության տակ գտնվող տարածքով – խմբ.) կանգնեցնել իրանական բեռնատարները` պահանջելով վճարել երթևեկության համար։ Բացի այդ, նախորդ շաբաթ երկու իրանցիներ էին ձերբակալվել, որոնց Ադրբեջանի ոստիկանությունը մեղադրել էր ԼՂ բեռներ տեղափոխելու մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։