«ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ»
Նախ՝ երկու մեջբերում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից։ Հոդված 2-րդ. «Ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. (...), գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Հոդված 3-րդ. «Պատժելի են հետևյալ արարքները. (...) գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը»։
Այժմ մեջբերումներ ներկայացնեմ լոկ վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 14-21-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններից և Արցախից ստացված հաղորդագրություններից, որոնք հրապարակվել են մամուլում:
14.09
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ բնակավայրերի հատվածում ադրբեջանցիները նոր ցուցանակ են տեղադրել՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի տարածք» մակագրությամբ:
15.09
1. Արցախի Թաղավարդ գյուղի շրջանում հակառակորդի կրակոցներ են հնչել։
2. Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ձերբակալել են իրանցի երկու վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում։ Ադրբեջանի ՆԳՆ-ը հաստատել է ձերբակալության փաստը ՝ պատճառաբանելով, թե նրանք «Գորիս-Կապան ճանապարհով ապօրինաբար ներթափանցել են Ադրբեջանի տարածք»:
16.09
Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի մեծ մասը ջրազրկված է, քանի որ գյուղի ջրամբարը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, հայտնել է համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: «Մայիսի 12-ից, երբ թշնամիներն անարգել մտան մեր տարածք, ջրամբարը թշնամու տիրապետության տակ է գտնվում։ Ջրամբարից օգտվել կարող ենք, բայց մտավախություն ունենք, որ ջուրը թունավորած կլինեն բնակիչներին վնասելու համար»,- ասել է նա։
17.09
1. Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան, հաղորդել է փոխվարչապետ, Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը: «Գումար չեն պահանջել, բայց իրենց շատ լկտի ձևով են պահել։ Կոպիտ ձևով մեքենան են ստուգել։»,- պատմել է նա։
2. Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, արդյունքում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության Բանակի զինծառայող Վրույր Շահրամանյանը:
3. Երեք օր առաջ ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը, հավաքել են նրանց անձնագրերը, իսկ կես ժամ անց վերադարձնելով՝ նախազգուշացրել, որ այսուհետ այդ ճանապարհահատվածով անցնելիս բոլորը պետք է վճարեն 95-ական դոլար, հաղորդել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը:
18.09
1. Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը: «Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։ Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին»,-հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
2. Նա պատմել է նաև, որ ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող Շուռնուխի բնակչին, ոտքով հարվածել ավտոմեքենային։ Երիտասարդի այն հարցին, թե ինչու է այդպես վարվում, պահանջել է լռել և հարվածել ձեռքի ռացիայի անտենայով։ Կ.Քոչարյանը պատմել է նաև, որ «Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կովշով հարվածել են հայկական բեռնատարին»։
3. Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Շուշիի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի երեք գնդակոծում, ինչի հետևանքով վիրավորվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ:
19.09
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ շեղվել են Գորիս-Որոտան մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Սեպտեմբերի 20-ին, ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նրանց: Մի շարք փորձագետների վարկածով՝ երիտասարդներին առևանգել են, քանի որ այդ հատվածում շեղվելու տեղ չկա։
20.09
Ադրբեջանցիները շարունակում են գնդակոծել հայկական սահմանամերձ Կութ գյուղը։ «Այնքան շատ են կրակում, որ արդեն ուշադրություն չենք դարձնում։ Հակառակորդը կրակում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Վերջին գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ»,- պատմել է համայնքի ղեկավարը։
Քանի՞ այսպիսի հաղորդագրություն է եղել վերջին ամիսների ընթացքում, հատկապես մայիսի 12-ից հետո, երբ թշնամու ստորաբաժանումները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և այդ ժամանակից ի վեր բնակռել են այստեղ։ Քանի՞ միջադեպ է արձանագրվել, կապված անասնագողության, գույքի առևանգման, խաղաղ բնակիչների տների վրա կրակելու, արոտավայրերի զավթման, վարելահողերի և ընդհանրապես տարածքների հրկիզման, մարդկանց ահաբեկման, անարգման, առևանգման հետ, որոնք այնուհետ գերության մեջ ենթարկվել են կտտանքների և նվաստացումների, իսկ առևանգվածներից ոմանց ճակատագիրն առ այսօր անհայտ է: Վերջին ամիսների ընթացքում քանի՞ ահազանգ է եղել Արցախում շաբաթներ շարունակ ջրի պակասի և բացակայության, ժամեր տևած հոսանքազրկման մասին: Ինչպե՞ս անվանել սա, եթե ոչ «կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում», որոնք ուղղված են «որևէ խմբի», տվյալ դեպքում՝ հայերի «լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», ինչպես նշում Է ՄԱԿ-ի կոնվենցիան։ Այսինքն՝ ցեղասպանություն։
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի խոսքերով, ցեղասպանությունը բնավ միայն ֆիզիկական ոչնչացումը չէ։ «Ադրբեջանի գործողությունները, սկսած դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, լիովին տեղավորվում են «ցեղասպանություն» եզրույթի մեջ։ Հայաստանի և Արցախի օմբուդսմենների հաղորդագրություններից մենք գիտենք, որ պատերազմի ժամանակ տեղի են ունեցել նաև խաղաղ բնակիչների բազմաթիվ սպանություններ։ Նրանց ուղղակի վտարել են բնակության վայրից, իսկ մնացողները տխուր ճակատագիր են ունեցել. դաժան սպանություն կամ գերեվարում։ Հիշեցնեմ, որ մինչև հիմա մենք չգիտենք, թե քանի գերի է սպանվել արդեն գերության մեջ։
Պատերազմին հաջորդած բոլոր իրադարձություններն ընկնում են ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի երկու հոդվածների տակ։ Դա և՛ մարդկանց տվյալ խմբի ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը միտված անտանելի կենսապայմանների կանխամտածված ստեղծումն է, և՛ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը։ Ադրբեջանի ղեկավարությունը ուղղակի և հրապարակայնորեն հրահրում է պարբերաբար և ամենաբարձր մակարդակով։ Ընդգծեմ. Ադրբեջանի այդ գործողությունները ամենևին չի կարելի անվանել սադրանք կամ միջադեպեր, ինչպես հաճախ են անում հայկական ԶԼՄ-ներում։ Պետք է հստակ հասկանալ և միջազգային հանրությանը իրազեկել, որ դրանք ցեղասպան բնույթի հետևողական գործողություններ են, որոնք կատարվում են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հայերի նկատմամբ»,- նշում է Լ.Ալավերդյանը:
Սահմանամերձ գյուղերից ստացվող հաղորդագրություններում հաճախ է շեշտվում, որ եթե նման իրավիճակը՝ բառացիորեն երկու քայլի վրա գտնվող թշնամու ներկայությունից մշտապես վտանգված կյանքը շարունակվի, ապա մարդիկ պարզապես հարկադրված կլքեն հարազատ վայրերը և կհեռանան գյուղից, քաղաքից, վերջապես՝ երկրից: Անպաշտպան ու ամայի կթողնեն Հայաստանի սահմանամերձ տարածքները, ինչը, անկասկած, շատ արագ կհանգեցնի թուրքի կողմից դրանց յուրացմանը։
Ո՞վ կարող է քար նետել այդ մարդկանց վրա, եթե խոսքն իսկապես վերաբերում է նորմալ կյանքի հետ անհամատեղելի և անվտանգությանը սպառնացող պայմաններին: Եվ մի՞թե դա չէ ներքին ու արտաքին թշնամիների նպատակը, որոնք միասնական ջանքերով հետևողականորեն իրականացնում են հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Հենց այդ պատճառո՞վ է լռում Հայաստանի գործող կառավարությունը, որի նպատակներն ու մտադրությունները լիովին համապատասխանում են մեկ դար առաջ թուրքերի ազդարարած ռազմավարական նպատակներին։