«Ժողովուրդ». ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ՝ ՄԵՐԺԵԼՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը:
Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, և ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է:
Հիշեցնենք, որ Հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ «Պատիվ ունեմ»-ը, և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել միջոցառմանը»։