ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՀԵՐՔՈՒՄԸ

Վիվա-ՄՏՍ-ը հարկադրված է հանրությանն ու ԶԼՄ-ներին ներկայացնել իր դիրքորոշումը՝ mamul.am կայքում ս.թ. սեպտեմբերի 22-ի հրապարակման առնչությամբ: Ընկերությունը զերծ կմնար լրատվամիջոցի անվանումը հանրայնացնելուց, եթե նշված լրատվամիջոցի կողմից ս.թ. հունիսի 4-ին ու 17-ին՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ հրապարակումների բովանդակությունը լիովին կեղծ ու շինծու չլիներ, ինչպես նաև լրատվամիջոցը չհրաժարվեր ու չխուսափեր Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական պատասխան-պարզաբանումներն իր կայքէջում տեղադրելուց:

Mamul.am-ի սեպտեմբերի 22-ի հրապարակման վերնագիրն արդեն իսկ պարունակում է զրպարտող պնդումներ ու մեկնաբանություններ, կանխակալ է և իրավիճակը չի ներկայացնում ամբողջությամբ: Վիվա-ՄՏՍ-ը դիմել է mamul.am-ին, որպեսզի լրատվամիջոցը տրամադրի հրապարակման մեջ հիշատակված գնորդի հեռախոսահամարն ու անուն-ազգանունը՝ պաշտոնապես նույնականացնելու նպատակով:

Հրապարակմանն ի պատասխան՝ Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է հրապարակման մեջ նշված ժամկետներում երաշխիքային սպասարկման հետ կապված դիմումների և համապատասխան գործողությունների վերաբերյալ ներքին ուսումնասիրություն: Ըստ այդմ՝ ընկերությունը հայտնում է, որ Samsung A12 հեռախոսի հետ կապված խնդրի, այդ խնդրի լուծման, ինչպես նաև՝ գնորդի ու Վիվա-ՄՏՍ-ի փոխհարաբերությունների մասին՝ հրապարակման մեջ նշված տեղեկությունները ներկայացված են միակողմանի ու կանխակալ կերպով, ոչ ամբողջական են և չեն արտացոլում իրականությունը:

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում սարքերի և սարքավորումները վաճառքն իրականացվում է այդ ապրանքատեսականին մատակարարող պաշտոնական ներկայացուցիչների հետ պայմանագրերի հիման վրա: Մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ն ինչպես բջջային այլ օպերատորները, իրականացնում է Samsung ապրանքանիշի սարքերի ու սարքավորումների վերավաճառք՝ պայմանագրի շրջանակներում, ինչը նաև նախատեսում է երաշխիքային սպասարկում՝ պաշտոնական ներկայացուցչի կողմից ընտրված՝ սպասարկում իրականացնող ընկերությունում: Վիվա-ՄՏՍ-ը ո՛չ արտադրող է, և ո՛չ էլ ունի իրավասություն՝ ընտրելու սպասարկում իրականացնող ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը խստորեն վերահսկում է երաշխիքային սպասարկման գործընթացը՝ կապ պահպանելով թե՛գնորդի, և թե՛ սպասարկում իրականացնող ընկերության միջև:

Գնորդների ու պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում Վիվա-ՄՏՍ-ը խստորեն հետևում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին:

Որպես պատասխանատու ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ը կաշկանդված է գնորդին վերաբերող տվյալներ հրապարակելու հարցում: Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Շնորհակալություն:

Основная тема:
Теги: