Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում ևս երկուսը տալու հեռանկարով, որովհետև դրանց միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին: Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արած այն հայտարարության մասին, որ պատերազմը կարող էր դադարեցվել դեռ հոկտեմբերի 7-ին, բայց առկա առաջարկները Հայաստանը մերժել է:

Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի սկզբնական հատվածում՝ հոկտեմբերի առաջին օրերին, ՌԴ ԱԳՆ միջոցով կողմերին առաջարկներ են արվել, պատերազմը կանգնեցնելու օրակարգ դեռ այդ պահին է առաջ քաշվել:

«ՌԴ նախագահը հետագայում խոսեց հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկների մասին, որը, կարծում եմ, շատ ավելի իրական է, բայց հատկապես պատերազմի առաջին օրերին նման հնարավորություն եղել է: Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու նպատակներից մեկը, կարծում եմ, եղել է մեզ վրա դրա միջոցով ճնշում գործադրելը և պատերազմն իրեն հարմար պայմաններով դադարեցնելը: Այն, որ պատերազմը երկարել է, իսկ ադրբեջանական զորքերը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ են վերահսկողություն հաստատել ու հնարավորություն ստացել մեծ վնասներ պատճառել Հայաստանի և Արցախի ռազմավարական օբյեկտներին: Այդ իրավիճակում, հասկանալի է, Ադրբեջանի հավակնությունները շատ ավելի են մեծացել, ընդհուպ Շուշիի օրակարգ է առաջ եկել, և Շուշիի նկատմամբ են կարողացել վերահսկողություն հաստատել: Ակնհայտ է, որ պատերազմը շատ ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, և եթե դա տեղի ունենար հոկտեմբերի առաջին օրերին, դա հնարավորություն կտար խուսափել մեծ թվով զոհերից, այդքան վիրավորներից ու հաշմանդամություն ստացածներից: Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում ևս երկուսը տալու հեռանկարով, որովհետև դրանց միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին:

Իշխանության տարբեր պատգամավորներ և նրանց ղեկավարն ասում են՝ երեք անգամ հումանիտար հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները՝ զուգահեռ տանելով պատերազմի դադարեցման հնարավորությունների հետ, ինչը տրամաբանական չէ: Կամ նրանք չեն հասկանում, թե ինչ գործընթացների մասին են խոսում, կամ հասարակության մեջ փորձում են այդ միտքը մտցնել: Այդ հրադադարների հաստատման նպատակն էր լինելու հումանիտար որոշակի հարցեր լուծել, ինչին, իհարկե, Ադրբեջանը կարող էր չհամաձայնել»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը համոզված է՝ եթե պատերազմի դադարեցման՝ այդ փուլում եղած առաջարկներն ընդունվեին և իրագործվեի, դա կենթադրեր այդ պահին բանակցությունների սեղանին եղած տարբերակների իրագործում, ինչի պարագայում, պնդում է, չէինք ունենա այս իրավիճակը:

«Եթե այդ տարբերակներում վերջնարդյունքում խոսվում էր 5-7 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցման մասին, ապա այս պատերազմի հետևանքով 10 և ավելի շրջան հանձնվեց, իսկ պատերազմի վաղ փուլում դադարեցման դեպքում որևէ խոսք չէր լինի Հադրութի և Շուշիի մասին: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով, նվազագույնը գնացել է արկածախնդրության, ինչի հետևանքով մեկը մյուսի հետևից տարածքներ ենք կորցրել, մի մասը՝ մարտով, մյուսը՝ հանձնելով, մեկ այլ մասը՝ բանավոր փոխըմբռնմամբ, և Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ եղածով չեն բավարարվել և ՀՀ-ի առջև զիջումների նոր օրակարգ են դրել»,- նշել է Աբրահամյանը:

News.am