Խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով մոտ 65 հազար մեքենաների անվտանգ շարժը
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար մարդկանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շուրջօրյա ռեժիմով խաղաղապահները վերահսկում են նաև պարենի և տարբեր ապրանքների անվտանգ փոխադրումը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։
«Անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է տրանսպորտային միջոցների անցագրային հսկողությունը Լաչինի միջանցքով։ Յուրաքանչյուր մեքենա ենթարկվում է զննման։ Եթե կասկած է հարուցում, զինծառայողներն ավելի հանգամանորեն են զննում: Մեկ օրվա ընթացքում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», - նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կասեցման վարժանքներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: