Սեպտեմբերի 27-ին հոգեհանգստի կարգ կմատուցվի Սուրբ Էջմիածնում և առաջնորդանիստ եկեղեցիներում

Սեպտեմբերի 27-ին հոգեհանգիստ կկատարվի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար»,- նշված է գրառման մեջ։

Նույն օրը Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին լռության րոպե է հայտարարված Հայաստանում ու Արցախում։ Վաղը երեկոյան հայկական երկու պետություններում նախատեսված է ջահերով երթ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։