Արմեն Չարչյանն ազատ չի արձակվի. փորձաքննություն է նշանակվել

Դատարանն Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակեց։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանը որոշել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը հետաձգել մինչև հանձնաժողովի գործով իրական հանգամանքների պարզումը, այսինքն՝ մինչև փորձաքննության արդյունքները ստանալը։

«Դատարանը, ուսումնասիրելով միջնորդությունների հիմնավորումները, եկել է այն եզրահանգման, որ նշված միջնորդության համար հիմնավորված և օրինական դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալը»,- նշեց դատավորը՝ հետաձգելով Չարչյանի պաշտպանների ներկայացրած` գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկումը։

Դատարանի որոշմամբ՝ փորձաքննության կատարումը հանձնարարված է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագոծնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նրա մոտ օգոստոսի 24–֊ին արձանագրվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Դրանից բացի, Չարչյանը տառապում է շաքարային դիաբետով։

Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։