Բողոքի ակցիա՝ ԱՆ-ն դիմաց. Բժիշկ Հովհաննես Գևորգյանին բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով նախարարից N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն, տեղեկացնում է News.am-ը:
Կազմակերպության նախագահ բժիշկ Հովհաննես Գևորգյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այդ որոշմանը, քանի որ այն հակասահմանադրական է և ոտնահարում է մարդկանց իրավունքները, նաև նշեց, որ առողջապահության նախարարությունը փակել է ամբողջ առողջապահական ծառայությունների ֆինանսները:
Այդ ժամանակ նրան մոտեցավ ոստիկաններից մեկը և զգուշացրեց, որ եթե հասարակական կարգը խախտի, նրան բերման կենթարկեն: Դրանից մի քիչ հետո իսկապես բժշկին բերման ենթարկեցին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք հավաքվել էինք առողջապահության նախարարության դիմաց, ընդունելության համար: Մեր հարցադրումները կապված էին ամսական երկու անգամ պարտադիր պատվաստման և մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու հետ:
Ոստիկաններիը բժիշկ Հովհաննես Գևորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչև հիմա չգիտենք նրան որտեղ են տարել:
Բացի այդ, նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժ-եքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարներն ում գրպանն է գնացել, ով է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջը դա է և այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:
Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները ևս մեկին բերման ենթարկեցին: