Իրանը հյուսիս-արևմուտքում զորավարժությունները համարում է ինքնիշխան խնդիր

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացվող զորավարժությունները ինքնիշխան խնդիր են, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմաններին:

Պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ նա ասել է, որ այն, թե ինչպես է այդ խոսքերն արտահայտել Ալիևը, զարմանալի է, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ ունեն։

Նա նշել է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները լրջորեն և մանրամասն քննարկել են այս հարցը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։

Ըստ նրա՝ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դիվանագետը նաև հավելել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, տեղեկացնում է News.am։