ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ, ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ

«Պատմությունը ցույց է տվել և ապացուցել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ։ Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի։ Բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը։ Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- հայտարարեց Փաշինյանը 2021 թվականի սեպտեմբերի 21-ի միջոցառման ժամանակ ։ «Խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հրաժարական տալով Հայաստանի նախագահի պաշտոնից 1998 թվականի փետրվարին: Քսաներեքուկես տարիներով զատված այս խոսքերի արանքում, մի կողմից՝ սրիկաների կուսակցության ամենակուլ հայատյացության և դավաճանության ծրագիրն ու խայտառակ պատմությունն է, մյուս կողմից՝ հայ ժողովրդի 33-ամյա սրբազան զոհաբերությունը հանուն Հայրենիքի:

Լոկ մակերեսային դիտարկման դեպքում է թվում, թե Նիկոլն իր հրապարակային ելույթներում հերետիկոսություն է բարբաջում։ Իրականում նրա բոլոր ելույթները մտածված են, կարևոր մեսիջ են պարունակում և շատ հաճախ հայեցակարգված են, ամենայն հավանականությամբ՝ ոչ թե իր, այլ իր թիկունքում կանգնած ուժերի կողմից, բայց տվյալ դեպքում դա այդքան էլ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր է, թե հատկապես ինչ է նա ասում, քանի որ արտաքուստ անհեթեթ իր հայտարարություններում թաքնված է Հայաստանի ապագայի այն տեսլականը, որը խորապես թշնամական է հայ ժողովրդի իրական շահերի նկատմամբ և բովանդակում է նոր անհամար աղետներ, ընդհուպ մինչև հայկական Հայաստանի իսպառ անհետացում քարտեզից և պատմությունից։

Սեպտեմբերի 21-ին Փաշինյանի արտասանած ճառը իրապես հայեցակարգայիններից մեկն էր, արմատական-հակահայկական քաղաքականության շարունակման հստակ հայտ, հայոց պատմության, հայի էության ու հոգեկերտվածքի ողջ բնույթի բացարձակ խեղաթյուրում: Ասել է թե՝ կորչե՛ն հաղթանակները, մեզ պետք են միայն պարտություններ, չի լինելու հողերի վերադարձ. դա օտար տարածք է, կորչեն Հայրենիքի համար պայքարում ընկած հերոսները. այժմ հերոս են նրանք, ովքեր ամեն գնով երևութական «խաղաղություն» են կառուցում թուրքերի հետ։ Ի վերջո, կորչի Հայաստանը՝ որպես հայերի հայրենիք. պետք է լինի անդեմ տարածք, որտեղ ապրելու են անուղեղ մանկուրտներ, որոնք պիտանի են միայն օտար շահերի սպասարկման համար և համաձայն են հավերժական խայտառակությանն ու նվաստացմանը՝ հանուն աղայի սեղանից նետված մի կտոր հացի։

Նման մոտեցման հիմքը դրվել է հենց առաջին նախագահի կողմից, ընդ որում՝ նրա հրաժարականից դեռ շատ առաջ։ 1992-ի մարտ ամսին Արցախի ծանրագույն մարտերի թեժ շրջանում Տեր-Պետրոսյանը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը համաձայն է Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության Ղարաբաղի կարգավիճակին։ «Հայկական կողմը կարող է առաջարկել հետևյալ տարբերակը. Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ճանապարհների լիակատար ապաշրջափակում և Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսագործունեության ապահովում: ( ... ) Կցանկանայինք մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը միանգամայն կգոհացնի բոլոր կողմերին. չէ՞ որ Ղարաբաղն ընդ որում մնում է Ադրբեջանի կազմում, հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք քննարկել դա ցանկացած մակարդակում»։

Պատերազմում հաղթանակից հետո կուլ տալով լեզուն, Տեր-Պետրոսյանը, սակայն, երեք տարի անց՝ 1997-ի սեպտեմբերին, կրկին ծոր տվեց նույն երգը՝ հնչեցնելով իր տխրահռչակ արտահայտությունը. «Սերգո ջանը լավ չի ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ»։ Որից հետո հրապարակեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։ Առաջին նախագահի հայեցակարգը հանգում էր նրան, թե ներկայիս ստատուս-քվոն հնարավոր չէ պահպանել, անհրաժեշտ է կրկին, հակառակ ժողովրդի կամքին, ընդգրկել Արցախն Ադրբեջանի կազմում և առանձին քայլերով շարժվել դեպի խաղաղություն, հետաձգելով կարգավիճակի հարցը (Ադրբեջանի կազմում- Մ.Գ.) անորոշ ժամանակով: «Փոխզիջումն ինչ-որ չափով կբավարարի բոլոր կողմերին, բայց լիովին չի բավարարի ոչ մեկին։ Նախագահ Ալիևը դա կներկայացնի որպես Ադրբեջանի հաղթանակ, ես կփորձեմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակ»։

Սա ոչինչ չի՞ հիշեցնում վերջին 3 տարում Փաշինյանի ասածներից։ Օրինակ, այն, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի բոլոր երեք կողմերին... Կամ սա. «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։ Վերջապես, հոդվածի սկզբում մեջբերված այն խոսքերը, թե ինչ է «ցույց տվել ու ապացուցել պատմությունը»։ Չէ՞ որ հեռանալով 1998-ի փետրվարին՝ Տեր-Պետրոսյանը սպառնաց, որ ապագայում Հայաստանը ստիպված կլինի համաձայնել շատ ավելի վատ պայմանների, քան իր առաջարկներն են։

Ուղղակի ապշեցուցիչ միաձայնություն են ցուցաբերում երկու հայատյացներն ու հայկական շահերի հաշվին ամեն գնով խաղաղության հասնելու երկու կողմնակիցները։ Ընդ որում Նիկոլն արեց ամեն ինչ, որպեսզի արդարացնի իր քաղաքական ուսուցչի խոսքերը. չհամաձայնելով ավելի շուտ դադարեցնել պատերազմը, նա ապահովեց այդ «վատթարագույն պայմանները»՝ Շուշիի և Հադրութի կորուստը, ու նաև, ինչպես պարզվում է, Հայաստանի տարածքների մի մասի հանձնումն Ադրբեջանին։ Կասեք՝ չափազանցո՞ւմ ենք։ Բայց այդ դեպքում որտեղի՞ց այդ երկուսի մտքերի ու գործողությունների գրեթե բացարձակ նմանությունը։ Որտեղի՞ց նրանց համոզմունքը, թե հայկական տարածքների անվերջանալի զիջումներով, թշնամու պայմաններին անվերապահ համաձայնությամբ, ազգային նվաստացման և քաղաքական մուրացկանության ճանապարհով կարելի է ապահովել Հայաստանի խաղաղ ապագա և նույնիսկ, իբր, բարգավաճում։

Իրականում Նիկոլին հենց դրա համար էլ իշխանության են բերել նրանք, ովքեր ժամանակին Տեր-Պետրոսյանին կցեցին հայկական արտաքին քաղաքականության «գորշ կարդինալ» Լիպարիտյանին։ Նպատակը արտաքին քաղաքական այնպիսի անդառնալի ուղեգծի ձևավորումն էր, որ ապահովվեր պարտվողական հայեցակարգի հաղթանակը և անխուսափելի դարձներ Արցախի հանձնումը։ Հաջորդ երկու նախագահները զսպում էին այդ նպատակի հետևողական իրականացումը, փորձելով կանխել դա դիվանագիտական մեթոդներով. պետք է խոստովանել՝ բնավ ոչ միշտ լավագույն։ 2016-ի ապրիլին դա հաջողվեց անել նաև ռազմական ճանապարհով։ 2018-ի «հեղափոխության» թիրախում արդեն հենց Արցախն էր, և դեռ այն ժամանակ բազմաթիվ փորձագետներ հասկանում ու ահազանգում էին այդ մասին։ Այդուհանդերձ Արցախի և Հայաստանի մի մասի հանձնումով Փաշինյանի ու իր հովանավորների նպատակը չի սահմանափակվում, և հաղթանակի ու պարտության մասին Նիկոլի դատողությունները հենց դրա վկայությունն են։

Մտամուխ եղեք, ի՞նչ է նշանակում՝ «հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ։ Նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն»։ Փաշինյանը հստակ պնդում է, թե 1994-ին մենք չենք հաղթել, մենք այն ժամանակ պարտվել ենք։ Իսկ 2020-ի աշնանը ոչ թե պարտվել ենք, այլ հաղթել։ Որովհետև հանձնելով Արցախը, իբր, խաղաղության ու զարգացման հնարավորություն ենք նվաճել Հայաստանի համար։ Այստեղից էլ նրա հաջորդ զեղումն այն մասին, թե պետք է, իբր, փոխակերպել մեր պարտությունը հաղթանակի, իսկ դրա համար բնավ պարտադիր չէ հաղթել ուրիշներին։

Ի՞նչ է սա, եթե ոչ Արցախի վերադարձման մտքից առհավետ հրաժարվելու կոչ և հաշտվելու տարածաշրջանում հավերժական մերժյալի վիճակի հետ, որը խաղաղություն է մուրում ու ողորմելի գոյություն քարշ տալիս ուժեղ ու հարուստ հարևանների մանր սպասավորի դերում։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայկական ոգին սանձելու և սեփական Հայրենիքը պաշտպանելու ու նրա համար մղվող պայքարում հաղթելու ցանկությունը ժողովրդի մեջ ընդմիշտ վերացնելու ձգտում։

Բայց Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը համախոհներ են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի համար աղետալի տեսլականի առումով. նրանք նաև ընդհանուր զառանցական պատրանքներ ունեն ազգային շահերի դավաճանության ճանապարհով գնված խաղաղության վերաբերյալ։ Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն չեն թաքցնում իրենց ցեղասպան նկրտումները, կարելի է վստահաբար պնդել, որ դա պատահական «մոլորություն» չէ, այլ գիտակցված երեսպաշտություն, որը հիմնված է բացառապես այդ երկուսի մոլի հայատյացության վրա։ Ալիևի և Էրդողանի հայտարարությունները, թեկուզ միայն վերջին պատերազմի ընթացքում նրանց արած ամենը մտածող մարդու համար կասկածի նշույլ անգամ չեն թողնում թուրքական պետությունների իրական նպատակի վերաբերյալ։ Դժվար թե Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը այնքան հիմար են կամ կուրացած խաղաղության գաղափարից, որ չեն տեսնում դա։

Տեր-Պետրոսյանը վերջապես հասավ այն օրվան, երբ իրականացան իր նվիրական ցանկությունները և հնարավորություն առաջացավ ներկայանալու պատմական մարգարեի ու իմաստունի դերում։ Բնավ պատահական չեն այս օրերին նրա հանդիպումները Արցախի ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի և Արտակ Բեգլարյանի հետ։ Կարելի է չկասկածել, որ համոզում է նրանց իզուր չթպրտալ և համաձայնել ինքնավարությանն Ադրբեջանի կազմում, սպառնալով «ավելի վատթար տարբերակով», ինչպես 23 տարի առաջ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ խոսելով Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն հիշատակում իրենց դիրքորոշումը Արցախի կարգավիճակի հարցում, բոլոր հիմքերը տալով՝ համոզվելու, որ սկզբանե համաձայն են Ադրբեջանի կազմում ողորմելի ինքնավարությանը՝ դրանից բխող «նախիջևանյան» բոլոր հետևանքներով։

23 տարի առաջ Տեր-Պետրոսյանի ասած ամենը և վերջին երեք տարիներին Փաշինյանի բոլոր հայտարարությունները գիտակցված, կանխամտածված և օտար շահերով թելադրված հակահայկական քաղաքականություն են։ Աղետալի պատերազմն ու հայ ժողովրդի համար առավելագույնս ցավոտ ու մասշտաբային պարտությունը ծրագրվել են անցած դարավերջին. Տեր-Պետրոսյանը խոսում էր այդ մասին բաց տեքստով, չարագուշակ մեսիջներ ուղարկելով հասարակությանը։ Ավելի քան երկու տասնամյակ անց նրա քաղաքական փսխուքը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, արտաքին ուժերի թելադրանքով լիովին կատարեց կապիտուլյանտի, դավաճանի և թուրքերի մեղսակցի իրեն վերապահված դերը, իր զոմբիներին դա ներկայացնելով իբրև «խաղաղության դարաշրջանի հաստատման առաքելություն»։

Խաղաղություն, որն իրականում անհնար է՝ առանց վերածնված և ուժեղ Հայաստանի հաղթանակի։