ՄԻՊ․ Ադրբեջանը պատասխանատու է ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Գեղարքունիքի սահմանին ադրբեջանցիների կրակոցից հայ զինվորի վիրավորվելու փաստին։

«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտ այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար»,– գրել է Թաթոյանը Facebook–ի իր էջում։

ՄԻՊ-ը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը ներխուժել ու անօրինական տեղակայվել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի ու Սյունիքի այն հատվածներում, որոնքօրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչներին կամ համայնքային սեփականություն են։

Նրանք պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին։

«Զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն»,– գրում է Թաթոյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։

ՊՆ–ն հայտնել էր, որ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։