Գրիգորյանն ու Լին Թրեյսին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:

Ինչպես հայտնում են ԱԽ–ից, Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում:

Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:

Լին Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել էր նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը կարևորել էին ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: