ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Արտահերթի ընտրարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո մարզերում էր, մուրճ էր ճոճում ընդդիմադիր համայնքապետերի գլխին ու սիրաշահում տեղացիներին, խոսում տասնամյակներ շարունակ նրանց թալանված լինելու մասին՝ այդպես էլ չմատնանշելով տեղերում մարդկանց աղքատության հաղթահարման իրական ուղիները։ Ավելի քան երեք ամիս է՝ վարչապետը մարզեր չի այցելում, փոխարենը՝ իր խմբակցությունը հապճեպորեն խոշորացնում է այն համայնքները, որոնցում անցանկալի համայնքապետեր են պաշտոնավարում։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռավոր գյուղերի բնակիչների աչքը շոյվում էր, երբ Փաշինյանը կանգ էր առնում իրենց համայնքում, խմում, գովեստի խոսքեր լսում, խոստումներ տալիս ու հեռանում։ Այսօր, երբ Արմավիրի խաղողագործները կամ Սոթքի խոշորացմանը դեմ բնակիչները ճանապարհ են փակում, ի՞նչ ակնկալիք ունեն՝ որ իշխանությունը դարձյալ իրենց դո՞ւռն է գալու։ Չէ՞ որ նրանք ստացել են այնքան բաղձալի քվեն անգամ ամենախնդրահարույց համայնքներում և մարզեր այցելելու որևէ մոտիվացիա չունեն։

Իսկ ի՞նչ այլ սցենար պիտի խաղարկվեր ընտրություններից հետո, եթե ընտրարշավի ընթացքում Փաշինյանը, «Ապագա կա» կարգախոսով և մուրճը ձեռքին, այդպես էլ ապագայից չխոսեց՝ դաշտը լցնելով անբովանդակ թեզերով։ Շահառու բնակավայրերում նա խոսո՞ւմ էր խաղողի մթերման, համայնքների խոշորացման կամ անվտանգության ապահովման մասին։ Եթե այս թեմաները շրջանցելով՝ վարչապետը հաջողեց հաղթել անգամ այդ համայնքներում, ի՞նչ են պահանջում գյուղացիներն այսօր նրանից՝ նախընտրական խոստումների իրականացո՞ւմ։

Բայց Փաշինյանը նման խոստումներ չի էլ տվել, քարոզարշավը բովանդակությամբ չի ծանրաբեռնել, ընդամենը նախկինների հասցեին գռեհիկ վիրավորանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել, ամբոխն էլ ծափահարել է։ Երբ իշխանությունն ի սկզբանե ընտրարշավը տանում էր դիմակայության և առճակատման հունով, հնչեցնում ամենավերջին վիրավորանքներն ու զրպարտությունները Հայաստանի բոլոր նախկին նախագահների և նրանց առաջնորդած քաղաքական ուժերի ու աջակիցների հասցեին, Փաշինյանի ընտրազանգվածն ի՞նչ էր ակնկալում՝ որ ընտրությունից հետո այդ ամենը մոռացվելու է, իշխանությունն էլ ամենօրյա քրտնաջան աշխատանքի՞ է լծվելու։

Ապագայի ծրագրերի, անվտանգության և տնտեսության մասին քննարկումներ այդպես էլ տեղի չունեցան, կարևորը թերևս այն անասնական բնազդներն էին, ոչնչացման մոլուցքը, որն առատորեն ոռոգում էր Նիկոլ Փաշինյանը՝ մարդկանց նախապատրաստելով քաղաքացիական բախումների։ Պարզվեց՝ ընտրության նման ելքն անգամ այս իշխանության համար էր հաճելի անակնկալ, հետևաբար՝ ի՞նչ կարիք կա ծանրաբեռնելու քեզ նախընտրական խոստումների իրականացմամբ, պետք է թուլանալ և վայելել վերստացած իշխանությունը։

Իսկ ո՞ւր մնացին նախընտրական շրջանում հանրությանը շոկի ենթարկած բազմաթիվ փաստերը, օրինակ՝ ինչո՞ւ Աշոտիկը չփոխանակվեց Բաքվում պահվող մեր հարյուրավոր գերիների հետ, ինչպես խոսք էր տրվում։ Ո՞վ է այսօր Փաշինյանին հիշեցնում իր այդ անկատար խոստման մասին։ Քարոզարշավին և քվեարկության օրը գործադրված վարչական ռեսուրսի բիրտ կիրառման, շրջիկ խմբերի, առանց մատնահետքի քվեարկածների, բանակի ուղղորդված քվեարկության համար որևէ մեկը գոնե կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞ց։ Ընդդիմությունն այս էջն արդեն փակվա՞ծ է համարում և ՍԴ որոշումից հետո համակերպվե՞լ է քվեարկության արդյունքների հետ։

Ո՞ւր են Սերժ Սարգսյանի հրապարակած գաղտնալսման մասին շարունակական հիշեցումները, որում Փաշինյանը դեռևս 2019-ին իր մտերիմներին պատմում է, որ կփորձի խելագար կամ ոչ ադեկվատ ձևանալ ՀԱՊԿ երկրների առաջնորդների մոտ, իր իսկ ձևակերպմամբ, «Արցախի կոնվեյերից թռնելու» համար։ Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Փաշինյանի այս հանցավոր խոստովանության դերը պատերազմ սանձազերծելու հարցում։

Ի վերջո, անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանն իր երբեմնի հոգեզավակ «ազգակործան պատուհասին» համարել էր ավելի մեծ սպառնալիք Հայաստանի պետականությանն ու անվտանգությանը, քան նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ստացվում է՝ արտաքին թշնամուց էլ ավելի մեծ սպառնալիքի շուրջ արտաքուստ թվացյալ քաղաքական հովվերգություն է՝ առանց նկատելի դիմադրության օջախների։