Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա 2 ամսով կկալանավորվի։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Առաջադրված մեղադրանքում պարոն Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դրա կապակցությամբ նա հայտարարություններ և բացատրություններ է տվել դատարանում։ Մեր ակնկալիքն այն է, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում պայքարը շարունակելու ենք», - ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ դիմելու են վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նրա խոսքով` քննիչի ներկայացրած միջնորդության համար դրված էր կալանավորման երկու հիմք` մեկը ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն էր, մյուսը` քննությունից թաքնվելը։ Պաշտպանն այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է դրվել հիմքում. կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կներկայացնեն իրենց հակափաստարկները։
«Միանշանակ հիմնավոր չենք համարում դատարանի որոշումը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ հերքում են մեղադրանքները», - ասաց Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։