ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

«Հետագայում էլ, եթե պետք լինի, նրան եմ տալու իմ ձայնը»

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, ընդ որում ի սկզբանե ողջ ուշադրությունը կենտրոնացած էր բռնազավթված Սյունիքի վրա։

Համայնքների միանգամից մի քանի նախկին ու ներկա ղեկավարներ ենթարկվեցին քաղաքական հալածանքների։ Կալանավորվեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, նույն խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ուրիշներ:

Սյունիքի բռնաճնշումների ամենասկզբում «ԳԱ»-ն գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ համայնքում հունիսի 20-ին ընդդիմադիր դաշինքների պարտության պատճառների մասին։ Հանրապետականների դիրքերն այս համայնքում միշտ էլ ամուր են եղել, սակայն հունիսյան ընտրություններում այնտեղ հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել այդ հաղթանակի պատճառները, սակայն չբացառեց ընտրակեղծիքները։

Շադունցը չթաքցրեց, որ միշտ քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, իսկ հունիսի 20-ի ընտրություններում իր ձայնը տվել է «Պատիվ ունեմ» դաշինքին։ «Հետագյում էլ, եթե պետք լինի, նրան էմ տալու իմ ձայնը։ Ես նրա հետ շատ եմ աշխատել, այդ մարդը շատ բան է արել մեր համայնքի համար»,- հայտարարեց նա։ Ի տարբերություն մյուս փոքր համայնքների ղեկավարների՝ գյուղապետը մայիսի 12-ից հետո բացահայտ խոսել է այն մասին, որ արոտավայրերի մի մասն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, որ բռնազավթման պատճառով անասունների գլխաքանակը զգալիորեն նվազել է, որ նույն այդ պատճառով գյուղացիները ստիպված են վաճառել ոչխարները 20-30 հազար դրամով։ Շադունցը չի թաքցրել իր քաղաքական նախասիրությունները, հենց այդ պատճառով էլ նրա համար նախընտրական ցուցակ չգտնվեց։

Տեղ համայնքում նախընտրական պայքարն ուղեկցվում է բռնաճնշումներով

Սոցիալական ապահովության նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի նախագահությամբ վերջերս իր մասին հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի 1-ին համարը Արավուս տարածքային միավորի ղեկավար Արգամ Հովսեփյանն է:

Նա նույնպես չի թաքցնում, որ հունիսի 20-ի ընտրություններում աշխատել է հօգուտ ընդդիմության։ Երբ ընտրություններից հետո նրան հարցրեցին, թե արդյոք հետապնդման չի՞ ենթարկվել իշխանության կողմից (այն ժամանակ փոքր համայնքների ղեկավարներից շատերին էին ասում, որ հավաքեն իրերն ու գնան տուն), Հովսեփյանը պատասխանեց. «Ինձ նման բան ասողի գլուխը կջարդեմ։ Ես սահման եմ պահում, տունս սահմանից 50 մետր հեռավորության վրա է... »։ Սկզբում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորեց Սևակ Ավետիսյանը, սակայն ավելի ուշ նա մտափոխվեց և հանեց իր թեկնածությունը։ Ասում են, որ այդ հարցում դեր է կատարել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Փողի կուսակցությունը, որի թիկունքին, ըստ շրջող լուրերի, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանն է, շտապ կարգով նետվեց Ավետիսյանին փոխարինող գտնելու, սակայն դրա ցուցակը գլխավորել ցանկացողները այնքան էլ շատ չէին։ Ռիսկի դիմեց միայն Հովսեփյանը։ Այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը համաձայնել է խաղալ կեղծ ընդդիմության դերը, մենք արդեն գրել ենք։ Դժվար թե, սակայն, Հովսեփյանը տեղյակ է, որ իրեն ներքաշել են տանուլ տալու ենթակա խաղի մեջ…

Իշխող ուժի ցուցակը, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է, կգլխավորի Սյունիքի մարզպետ Դավիթ Ղուլունցի քրոջ որդին։ Արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իշխող ուժի թեկնածուի շահերը լոբբինգավորում է նրա եղբայր Սասուն Ղուլունցը, որը քարոզում է Հովսեփյանի դեմ և ստիպում համայնքի ավագանու անդամության թեկնածուներին հետ կանչել իրենց ազգանունները «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակից: Օրերս Հովսեփյանը հայտնել է լրագրողներին, որ ավագանու 13 թեկնածուներից 6-ն արդեն հետ են կանչել իրենց անունները։ Եվ դա այն դեպքում, երբ համայնքում ամեն երկրորդը մասնակցել է Արցախի անկախության երեք պատերազմներից առնվազն մեկին։ Ոչ ոք չի ուզում խնդիրներ ունենալ մարզպետ Մելիքսեթի հարազատների հետ, հատկապես այն բանից հետո, երբ նրա կրտսեր որդի Կարենը կրակեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու վրա։

Քարոզչության փուլում դժվարությունները պայմանավորված են նրանով, որ համայնքի դեռևս ոչ բոլոր բնակիչներն են հասկանում, որ քվեարկելու են կուսակցական ցուցակներով։ Իշխանությունը ակտիվ աշխատանք է տանում բնակչության հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությունը, դատելով տեղի բնակիչների արձագանքներից, որոնք հրապարակվել են մի շարք պարբերականներում, չափազանց նման է բռնաճնշումների։ Մարդկանց փորձում են վախեցնել։ Փաշինյանի համար շատ կարևոր է, որ իր կուսակցությունը հաղթի Սերժ Սարգսյանի ծննդավայրում։

«Ապրելու երկիրը» խաղում է պարտվելու մտադրությամբ

Կապիտուլյանտի հրահանգով ձևավորված «Ապրելու երկիր» կուսակցությունը կոչված է ապահովելու իշխող կուսակցության հաղթանակը Տեղ համայնքի ընտրություններում։

Գրանցումից հետո նախկին նախարարների կուսակցությունն անհապաղ սկսեց նախընտրական պայքարը տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչության համար: Չնչին իսկ կասկած չկա, որ այդ կուսակցությանը հատկացված է կեղծ խաղացողի դերը, որպեսզի իր կողմը գրավի և տրոհի ընդդիմադիր տրամադրված ընտրողների ձայները մի շարք համայնքներում։

Նախորդ հրապարակումներից մեկում մենք նկարագրել ենք Մեղրիում տիրող նախընտրական իրավիճակը, որտեղ միանգամից երեք ուժեր՝ «Ապրելու երկիրը», Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը և գեներալ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը, կմասնատեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, դրանով իսկ ապահովելով ՔՊ-ի հաղթանակը։ Մասնակից կուսակցությունների առատությունը պայմանավորված է նրանով, որ իշխող կուսակցության ցուցակի 1-ին համարը՝ Արարատ Թումանյանը բավական թույլ կերպար է։ Ի տարբերություն Մեղրի համայնքի, Տեղ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությանը վերապահված է իշխող ուժին հակադրվող քաղաքական այլընտրանքի համեստ դերը։ Փողի կուսակցությունը մտել է խաղի մեջ, որպեսզի պարտվի և գոնե ինչ-որ այլընտրանք ապահովի իշխող ուժին…

Նրա ցուցակի թիվ 1-ը դժվար թե կռահում է, որ դատապարտված է պարտության, քանզի այդ ցուցակը գործարկել են հենց նրա համար, որ «ապահովեն» ընդդիմության պարտությունը, թեև ոչ մի ընդդիմություն այնտեղ չկա, ընդդիմությունը փոխարինված է դրածո կուսակցությամբ։ «Ապրելու երկիրը» մասնակցում է տեղական ընտրություններին, որպեսզի իր վրա շեղի ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայները։ Իսկ որ այդ խնդիրը նա կհաղթահարի գերազանց, չնչին իսկ կասկած չկա։

Основная тема:
Теги: