ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված արտախորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցական ժողովում ընդգրկված, այսպես կոչված՝ կուսակցությունների որոշ ղեկավարներ վերջին օրերին գնալով ավելի հաճախ են հայտնվում հեռուստատեսային ու ինտերնետային ալիքներում՝ ջանալով դեմ տրամադրել հեռուստադիտողներին խորհրդարանական ընդդիմությանը, մերկախոս կերպով մեղադրելով դրա ներկայացուցիչներին կոռուպցիայի մեջ և նրանց վրա բարդելով 44-օրյա պատերազմի մեղքը։ Եվ ահա այդ մարդկանց հետ իշխող ուժը մտադիր է ստեղծել Արցախյան երրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։
Եվ ոչինչ, որ ԱԺ կանոնակարգը, որով սահմանված է, որ «պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը», թույլ չի տալիս ընդգրկել նրանց քննչական հանձնաժողովի կազմում: Իշխող խմբակցությունն աշխատում է այդ հարցի շուրջ՝ փնտրելով օրենսդրական փոփոխություններ կատարելու հնարավորություն։ Այն, որ դա նրանց կհաջողվի, կասկածից վեր է, մանավանդ որ կատարվող փոփոխությունների օրինականության խնդիրները երեքուկես տարվա ողջ ընթացքում երբեք չեն մտահոգել այս իշխանությանը։ Հո իզուր չէ՞ ՔՊ-ականների իրավաբանական մտքի «լուսատու» Վահագն Հովակիմյանը, որը հեղինակել է իշխանության խմբակցության իրականացրած բոլոր կասկածելի փոփոխությունները, այդ թվում՝ Սահմանադրության, իրավաբանի դիպլոմ ստացել։ Ըստ էության, քննիչ հանձնաժողովի ձևավորման ձգձգումը պայմանավորված է հենց նրանով, որ դրա կազմում առայժմ անհնար է ընդգրկել «այլընտրանքային ընդդիմադիրներին»։
Ի՞նչ կարելի է ակնկալել նման կազմ ունեցող հանձնաժողովից։ Կարծում եմ ՝ հարցը հռետորական է։ Այո, իհարկե, նույնիսկ եթե հանձնաժողովի կազմում չընդգրկվեն իրենց «արտախորհրդարանական ընդդիմություն» հորջորջող իշխանական հաճկատարները, դրա աշխատանքի արդյունքները չեն կարող վստահություն ներշնչել։ Քանի որ, կրկին իսկ ԱԺ կանոնակարգի համաձայն, «պաշտպանության և անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը»։ Արթուր Ղազինյանի խոսքերով (որին, դատելով ամենից, իշխող խմբակցության անդամները պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ չեն ընտրի նաև վեցերորդ անգամ), Անդրանիկ Քոչարյանն ինքը պետք է տեղեկատվություն տրամադրի և պատասխանի հարցերին, որովհետև պատերազմի ժամանակ նա, զբաղեցնելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, փաստացի եղել է ռազմաքաղաքական բարձրագույն էլիտայի ներկայացուցիչը:
Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ այսօր էլ արդեն 8-րդ գումարման ԱԺ-ում նույն մշտական հանձնաժողովը գլխավորող Քոչարյանը, չնայած կանոնակարգի պահանջին, չի կարող ղեկավարել քննչական հանձնաժողովը։ Քանզի ակնհայտ է, որ տվյալ իրավիճակում առանձնակի արդիականություն է ստանում «քննչական գործողությունների ընթացքում գլխավորը սեփական հետքի վրա չընկնելն է» ասույթը։
Առհասարակ այդ հանձնաժողովը, եթե անգամ ստեղծվի, ինչպեսև ընտրությունները, չի փարատի կասկածները և չի վերացնի առկա ճգնաժամը։ Անկախ նրանից՝ կընդգրկվեն արդյոք դրա կազմում Փաշինյանի կողմից «ընդդիմադիր» նշանակված արտախորհրդարանական ուժերը, թե ոչ։ Եվ այն փաստարկը, թե հանձնաժողովում նրանց ներառելն անհրաժեշտ է, իբր, որպեսզի «ապահովվի լայն լեգիտիմություն», ընդամենը հեքիաթներ են միամիտների համար։ Որպեսզի առավել համոզիչ լինենք՝ լոկ հիշեցնենք, որ խորհրդակցական ժողովում ընդգրկված մեկուկես տասնյակ բացարձակ անհայտ քաղաքական միավորները բոլորը միասին ստացել են ընդամենը 85 հազար ձայն։ Իսկ քննչական զավեշտախաղին մասնակցելու համաձայնություն տված Դավիթ Սանասարյանը, Նորայր Նորիկյանը և Սամվել Բաբայանը (նրանց կուսակցությունների անունները ոչինչ չեն ասի ընթերցողին) հավաքել են համապատասխանաբար 3915, 3914 և 14936 ձայն։ Համա՜ թե լայն լեգիտիմություն է, ինչ խոսք, ավելի լայն չի լինում։
Թեպետ, հնարավոր է, որ փաշինյանական «այլընտրանքային ընդդիմության» շարքերից քննիչ հանձնաժողովի մասնակիցների գունդը դեռ համալրվի. շատերն առայժմ հրավեր չեն ստացել։ Բայց կրկնենք. նույնիսկ եթե բոլոր մեկուկես տասնյակ քաղաքական միավոր կոչեցյալները համաձայնեն, նրանց ընդհանուր կշիռը չի հասնում անգամ 85 հազար ձայնի։
Փոխարենը՝ գնալով ավելի ակնհայտ է դառնում, թե ինչ նպատակով են իշխանությունն ու «այլընտրանքային ընդդիմադիրները» աջ ու ձախ հարցազրույցներ բաժանում՝ փորձելով հանրությանը ներշնչել խորհրդարանական ընդդիմության կոռումպացվածության, խորշելիության և տեղի ունեցած ամենի մեջ իշխանության անմեղության մասին թեզերը։ Նպատակը մեկն է. չքմեղացնել իշխող ուժին և սրբել կապիտուլյանտի խարանը։ Իսկ պատերազմը տանուլ տված ներկայիս իշխանության կողմից ստեղծված ու ղեկավարվող քննչական հանձնաժողովի օբյեկտիվության մասին խոսելն անգամ անիմաստ է։
Մինչդեռ փորձագետներն արդեն անվանել են դա «մեղավորներ նշանակող հանձնաժողով»։ Քանզի վստահ են, որ գլխավոր խնդիրը՝ նոր պատերազմներն ու նոր սխալները կանխելու նպատակով եզրակացություններ անելն ապագայի համար, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ներկայիս իշխանության օրոք չի կատարելու։ Մեծ հաշվով, իշխանությունը նման խնդիր չի էլ դնում…