Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարվել է պաշտոնից

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նահանգի Կոռուպցիայի գործերով անկախ հանձնաժողովը (ICAC)հայտարարել է նրա նկատմամբ հետաքննության մասին, հայտնում է ավստրալիական 7news հեռուստաալիքը։

«Չեմ կարող ասել, թե ICAC-ին որքան ժամանակ պետք կլինի հետաքննությունն ավարտելու համար․․․ ես ցավով եմ հայտարարում, որ այլ ելք չունեմ, բացի վարչապետի պաշտոնից հրաժարվելը»,-ասել է Բերեջիկլյանը։

Նա նշել է, որ իր հրաժարականն ուժի մեջ կմտնի, հենց որ Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցությունը կարողանա նոր առաջնորդ ընտրել։

Հեռուսաալիքի տվյալներով՝ ICAC-ը պարզում է, թե արդյոք Բերեջիկլյանը նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ անձնական հարաբերություններով չի խախտել հանրային վստահությունը։

2020 թ-ի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը խոստովանել էր, որ երկար ժամանակ գաղտնի հարաբերություններ է ունեցել նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ, որը կասկածվում էր Չինաստանի քաղաքացիներին վիզաներ վաճառելու մեջ: Վարչապետն այդ հարաբերություններն «իր անձնական սխալն» էր անվանել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։