Իրանի ԱԳՆ. Թույլ չենք տա օտարերկրյա պետություններին ազդել ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների վրա
Մենք թույլ չենք տա օտարերկրյա պետություններ ազդեն Իրանի` հարևանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին Թեհրանում կայացած հանդիպումից հետո իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr-ը:
«Այսօր մենք պայմանավորվեցինք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Առևտուրը և հայկական տարանցիկ ուղու շահագործումը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
«Մենք սահմանել ենք գործընթաց, որն օպերատիվ կերպով կգործարվի երկու երկրների տարանցիկ ճանապարհների ու երթուղիների աշխուժացման համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք ավելի շատ աշխուժացում կտեսնենք երկու երկրների հարաբերություններում»,- ասաց նա: «Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները գտնվում են ծանր վիճակում, հատկապես` տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության պատճառով», - ավելացրեց նա:
«Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրյա պետություններին ազդել հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանը չափազանց մեծ նոր պահանջներ ոչ մի կերպ չի հանդուրժի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի ժողովուրդները` առանց որևէ արտաքին միջամտության»,- ընդգծեց Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:
Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Մենք քննարկեցինք և կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանի բոլոր իրադարձությունների վերաբերյալ»:
«Ես արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանին տեղեկացրեցի Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների մասին: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև այլ երկրների վարձկաններ: Չնայած նրան, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր ազատ արձակել գերեվարված քաղաքացիներին և պահվող անձանց, չարեց դա և պետք է անի հնարավորինս շուտ: Մենք պետք է բանակցություններ և քննարկումներ անցկացնենք Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, և շեշտը դրել ենք տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնման վրա: Հայաստանը հայտարարում է հաղորդակցության ուղիները վերաբացելու իր պատրաստակամության մասին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին և պաշտոնական տարածքներում վտանգում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված մեր ջանքերը: Մենք գնահատում ենք Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը։