ԱԿՑԻԱ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ. ՄԱԿՈՒՆՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՇԱՀԵՐԸ

ՀՀ ԱԳՆ բոլոր աշխատակիցների փափագած ամենապատվաբեր դիվանագիտական պաշտոններից մեկին՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռին ոչ այնքան վաղուց հպարտորեն բազմած Լիլիթ Մակունցը անդադար սկանդալների մեջ է։ Օվկիանոսի այն ափից տեղեկություններ են ստացվում ոչ թե երկրի բարօրության համար նրա տքնաջան գործունեության մասին, այլ բոլորովին այլ բնույթի։ Օրինակ, մի քանի շաբաթ առաջ Նիկոլի նախկին դասատուն ապշեցրեց հանրությանը Al Arabiya պարբերականին տված ինքնօրինակ հարցազրույցով, որից մի մղոնի վրա պարծենկոտության, ինքնահիացմունքի հոտ էր փչում և որում բացակայում էր Հայաստանի իրական շահերի ըմբռնման նշույլն անգամ։ Իսկ հոկտեմբերի 2-ին հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ սույն տիկինը պահանջել է ամերիկյան ոստիկանությունից ցրել ՀՅԴ ներկայացուցիչների բողոքի ակցիան Վաշինգտոնում ՀՀ դեսպանության շենքի մոտ:

Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության համաձայն, դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Նշենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ իշխանությունները հրահանգել են արտերկրում ՀՀ դեսպանություններին չկազմակերպել ավանդական ընդունելություն, ամենայն հավանականությամբ՝ Երևանում «գունագեղ տոնակատարության» հետ կապված սկանդալի խորապատկերին: Բացառություն է արվել միայն Լիլիթ Մակունցի համար։ Պետք է ենթադրել՝ այն նպատակով, որ նորանշանակ դեսպանը, որի գործունեությունը սկսվել է հասարակական դժգոհության խիստ անբարենպաստ խորապատկերին, կարողանա ներկայանալ հյուրերին՝ կոնգրեսականներին և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ահա ուրեմն, ինչպես տեղեկացնում է ԱՀԴՀ-ն, ՀՅԴ երիտասարդ անդամները բողոքի լուռ ակցիա են կազմակերպել դեսպանատան առջև։ Նրանք պարզապես կանգնել են ցուցապաստառներով, որոնց վրա գրված էր. «Առաջնահերթություն դարձրեք մեր գերիների վերադարձը», «Դադարեցրեք տոնակատարությունը, պաշտպանեք մեր Հայրենիքը»: Երիտասարդները ծածանել են նաև Արցախի դրոշը և ձեռքին պահել Եռաբլուրի լուսանկարները՝ հարցով. «Ի՞նչն եք տոնում։ Մեր զոհված մարտիկները արժանի են շատ ավելի լավ բանի»։ Եվս մի քանի պաստառներ ակնարկում էին այդչափ լուրջ պաշտոնում դիլետանտի նշանակման անթույլատրելիության մասին։

Ընդգծեմ. ակցիան լուռ էր, այսինքն ոչ մի կերպ չէր խանգարում հանդիսավոր ընդունելությանը։ Այդուհանդերձ դեսպանն իրեն դրսևորեց իշխող թիմի իր զինակիցների ոգով. նա ոստիկանությունից պահանջեց ցրել այն։ Սկզբում ցուցարարներին մոտեցան դեսպանատան աշխատակիցները՝ խնդրելով հեռանալ։ Նրանք չհամաձայնեցին, հայտարարելով, որ ոչ մի հակաիրավական բան չեն անում։ Դրանից հետո դեսպանատունը դիմեց ոստիկանություն։ «Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաստատել են, որ ցուցարարները չեն խախտում օրենքը»,- նշվում է ԱՀԴՀ հայտարարության մեջ:

Առաջին բանը, որ զգում ես՝ կարդալով այս իսկապես աննախադեպ տեղեկատվությունը, ամոթն է։ Ամաչում ես դեսպանի համար, որն օտար երկրի ոստիկանությանը քսի է տալիս Արցախի դրոշով և հայ գերիներին ազատ արձակելու պահանջով լուռ կանգնած իր հայրենակիցների վրա։ Ամաչում ես, որ այսքան տագնապալի և ծանր ժամանակներում մեզ համար կարևորագույն երկրներից մեկում դեսպան է նշանակվել անգլերենի դասատուն, որը պատասխանատու պաշտոն է ստացել բացառապես Փաշինյանի հետ անձնական մտերմության շնորհիվ՝ չունենալով ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ փորձ:

Հիշեցնեմ, որ Մակունցի շուրթերից հնչած միակ «քաղաքագիտական» արտահայտությունը դարձավ նաև հանրահայտ. 2021 թվականի հուլիսի 27-ին, այսինքն պատերազմից ուղիղ երկու ամիս առաջ, նա հայտարարեց, թե ինքը վստահ է, որ Թուրքիան երբեք չի դառնա հակամարտության կողմ։ Այն ժամանակ դեռևս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող տիկնոջ «խորը» վերլուծության և աշխարհաքաղաքական իրողությունները հասկանալու նրա կարողության աստիճանն ըստ արժանվույն գնահատեցին բազմաթիվ փորձագետներ և՛ այն օրերին, և՛ հատկապես պատերազմից հետո:

Սակայն այստեղ հարցը նույնիսկ Մակունցի մասնագիտական բացարձակ անպիտանիությունը չէ։ Ի վերջո, ապաշնորհությունն ու ապիկարությունը բնորոշ են Փաշինյանի ուսապարկերի ողջ թիմին, որը կործանեց Արցախն ու դեպի աղետ է տանում Հայաստանը։ Դեսպանը չի գիտակցում, որ գտնվում է մի երկրում, որտեղ խոսքի և հավաքների ազատությունը յուրաքանչյուրի անքակտելի իրավունքն է, և կոչ է անում ոստիկանությանը ցրել իր իսկ հայրենակիցների խաղաղ, կրկնում եմ, լուռ ակցիան: Ըստ երևույթին, Մակունցը հույս ուներ, թե ինչպես որ Փաշինյանի «ժողովրդավարական Հայաստանում», հասարակական կարգի պահապանները ցերբերների պես կհարձակվեն ցուցարարների վրա և կցրեն նրանց՝ իր առաջին իսկ խոսքով, որպեսզի պաշտպանեն «նորին գերազանցության» հայացքը գերիների վերադարձի պահանջով պաստառներից ու Արցախի դրոշից։ Այսինքն նրանից, ինչն այսօր պետք է լինի հենց իր՝ դեսպանի անխոնջ գործունեության կարևորագույն առաջնահերթությունը…

Թե ինչպես է աշխատելու Մակունցը, նույնիսկ ոչ թե պարզապես զուրկ լինելով ԱՀԴՀ-ի աջակցությունից, այլև փաստացի առճակատման վիճակում, դժվար է պատկերացնել: Մամուլն արդեն հաղորդել է, որ հայ համայնքի գերակշիռ մասն ու լոբբիստական կազմակերպությունները չեն ընդունում նրան և ի սկզբանե դեմ են եղել այդ սկանդալային նշանակմանը, ընդ որում իրենց այդ վերաբերմունքը չեն թաքցրել։ Սակայն Փաշինյանն իսպառ անտեսեց բոլորի կարծիքը. և՛ լոբբիստական խմբերի, և՛ համայնքի ներկայացուցիչների, և՛ փորձագետների։ Ինչպեսև, ասենք, մնացյալ բոլոր հարցերումԱմեն ինչ շատ պարզ է. Նիկոլին այստեղ էլ, այդ կարևոր պաշտոնում անհրաժեշտ էր այնպիսի մեկը, որը համապատասխանում է մեն-միակ չափորոշիչի. շան հավատարմություն անձամբ իրեն և իր բոլոր հակահայկական մտադրություններն ու թուրքամետ հանձնարարությունները կատարելու պատրաստակամություն։

Դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան է՛լ ավելի խորացրեց անդունդը հայ համայնքի և ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայկական կազմակերպության հետ Մակունցի հարաբերություններում։ Մինչդեռ անկախության 30 տարիների գրեթե ողջ ընթացքում դեսպանությունները ու հայկական կազմակերպությունները թե՛ Ամերիկայում, թե՛ողջ աշխարհում աշխատել են միահամուռ, փոխգործակցելով ու լրացնելով միմյանց: Քանզի աշխատել են ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե Փաշինյանի ու իր թուրք ոճրակիցների շահերի։ Դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի առաջին գործողություններն արդեն դրանով լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի շահերին։ Բայց ո՞վ ասաց, թե նա Վաշինգտոն է մեկնել հենց հայկական շահերը պաշտպանելու։

Այնպես, ինչպես վարվեց Մակունցը, մինչ օրս գործել են ԱՄՆ-ում ու այլ երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների աշխատակիցները։ Նրանք կատաղում էին Սփյուռքի ակտիվությունից, կանչում իրավապահներին և փորձում ցրել ինչպես Ցեղասպանության, այնպես էլ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի առնչությամբ հայերի գործողությունները, որոնք պահանջում էին արդարություն և հայ ժողովրդի իրավունքների պահպանում, իսկ այնուհետ՝ հայ գերիների վերադարձ և թուրքերի հանցագործությունների դատապարտում։ Այժմ ամերիկյան ոստիկանությանը օգնության է կանչում հայ դեսպանը՝ պահանջելով ցրել դաշնակցականների ակցիան։ Այսինքն նույնիսկ ԱՄՆ-ում Փաշինյանի խունտայի անդամներն ըստ էության բացահայտ պաշտպանում են թուրքական շահերը։

Al Arabiya-ին վերջերս տված իր հարցազրույցում Լիլիթ Մակունցը սեթևեթանքով հայտարարեց, որ իր նշանակումը համարում է քաղաքական և ճիշտ։ «Իմ աշխատանքը կապացուցի, որ ես ճիշտ ընտրություն էի։ Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ։ Եվ պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մենք պետք է ավելացնենք մեր դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում», - առանց ավելորդ համեստության ասաց նա։ Դե ինչ, պետք է արձանագրել, որ «դեսպանն» իսկապես արդեն ապացուցում է սեփական նշանակման միանգամայն ճիշտ լինելը, բայց բացառապես իր նախկին աշակերտի, իսկ ներկայումս շեֆի, ինչպես նաև Բաքվում ու Անկարայում նստած նրա ոճրակիցների տեսանկյունից։

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ լուռ ակցիան ցրելու պահանջին, ապա դա նույնպես լիովին համապատասխանում է փաշինյանական «ժողովրդավարության» ոգուն, որով այդքա՜ն հպարտանում է իր դասատուն։