Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Շիրակի Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ այս տարածքում` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, վերջերս ցնցումներ հաճախ են գրանցվում։ Վերջին երկրաշարժը եղել է սեպտեմբերի 16–ին` 3-4 բալ ուժգնությամբ։