Պարգևավճարների հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմում է Սահմանադրական դատարան
Պատգամավորներին ամեն մասին տրվող 250 000 դրամների հարցով «Հայաստան» խմբակցությունն այսօր դիմելու է Սահմանադրական դատարան։ Տեղեկությունն ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այսօր ՍԴ մուտքագրվելու է դիմում` թվով 7-րդը մեր կողմից, որը վերաբերելու է հայտնի 250 000 դրամներին, որոնք տրվում են պատգամավորներին փաստացի որպես աշխատավարձ, որի իրավաչափ նպատակը սոցիալ–տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ և ընդունելի էլ չէ»,– ասաց Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության դիմումում, նրա խոսքով, ամբողջությամբ վիճարկվելու է նաև պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգևատրման համակարգը։
«Այս բոլորի մասով պարգևատրման ինստիտուտը վիճարկվում է»,– ասաց Վարդևանյանը։
Նա նաև պարզաբանեց, որ պարգևատրումը տրամադրվում է կատարողականից ավելի լինելու դեպքում։ Մինչդեռ Հայաստանում գնահատման համակարգ գոյություն չունի։ Ըստ նրա` հայտնի չէ նաև, թե ինչ հիմնավորմամբ են պատգամավորներն ամեն ամիս ստանում իրենց աշխատավարձից 250 000 դրամ ավելի գումար և ինչ նպատակով են այն ծախսում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։