Israel Hayom. ԻՐԱՆԻ ՀԵՏ ՍՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ԳՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ARROW 3 ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ադրբեջանի անվտանգության ուժերը լայնածավալ օպերացիա են սկսել երկրում «իրանամետ տարրերի» դեմ, գրում է Israel Hayom-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` օպերացիան ակտիվիստների ձերբակալություններ է ներառել, ովքեր փորձել էին Ադրբեջանում առաջ տանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիրքերը: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես որոշել է փակել Խամենեիի առաքելությունն Ադրբեջանում` Ալի Աքբար Օջագեջադի գլխավորությամբ:
Մինչդեռ, հարավկովկասյան տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին, Ադրբեջանը դիտարկում է իսրայելական Arrow 3 պաշտպանական համակարգի ձեռք բերման հնարավորությունը:
«Այն փաստը, որ ադրբեջանցիները մտադիր են գնել համակարգը, կարող է վկայել փոփոխությունների մասին տարածաշրջանային պաշտպանության հեռանկարներում, ինչը հարձակումից դեպի պաշտպանական հնարավորությունների զգալի բարելավում անցում է ենթադրում»,- գրում է թերթը: Arrow 3 համակարգի շահագործումը բավականին թանկ է. յուրաքանչյուր հրթիռի արժեքը 2.2 մլն դոլար է:
Մինչդեռ, Jerusalemal Post-ը, վկայակոչելով սաուդական Elaph թերթը, հայտնել է, որ, ըստ իսրայելական բարձրաստիճան աղբյուրի, Իսրայելի անվտանգության ծառայության պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան` Իրանի հետ շարունակվող լարվածության ֆոնին Ադրբեջանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Աղբյուրը թերթին հայտնել է, որ «Իսրայելը հավաստիացրել է Ադրբեջանին, որ հրեական պետությունը կաջակցի նրան և կտրամադրի բոլոր հնարավոր օգնությունը, այդ թվում` տեխնիկապես և օդից մասնակցություն, իր հյուսիսային հարևանի վրա իրանական ցանկացած հարձակում հետ մղելու համար»: