Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել շփման գծում
Ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերը զրահապատ ավտոմեքենաներով շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի ընթացիկ իրավիճակի վերահսկման առաջադրանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պարեկության ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ցուցադրություն է իրականացվում, ինչպես նաև` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և շփման գծում երկու կողմից սադրիչ գործողությունների կանխարգելում:
«Ռուս խաղաղապահները տարբեր ուղղություններով ամենօրյա պարեկություն են իրականացնում Մարդակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշայի շրջաններում և Լաչինի միջանցքում: Շարժական պարեկային խմբերը տեղաշարժի առաջադրանքներ են կատարում շփման գծի երկայնքով` ցուցադրելու համար ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, ինչպես նաև` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը: Բացի այդ, պատասխանատվության գոտում իրավիճակի փոփոխությունները բացահայտելու համար պարեկային խումբն օդային դիտարկումներ և տեղի բնակիչների հարցումներ է իրականացնում երթուղու վրա»,- նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Միշչենկոն:
Պարեկային խմբերը ժամանակակից «ԲՏՌ-82Ա» և «ՈւՌԱԼ» զրահամեքենաներով բազմակիլոմետրանոց երթեր են իրականացնում ընդհանուր օգտագործման ճանապարհներով, հողային ճանապարհներով և լեռնային օձագալար ճանապարհներով` անցնելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններով:
Ռուս խաղաղապահների քսանյոթ դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկում է իրականացվում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար անդադար փոխազդեցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվեց ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: