«Հրապարակ». ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԸ ՄԵԾ Է ԼԻՏՎԱՅԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻՑ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչև «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»: Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարևորել հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որևէ առևտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առևտրային գործընկեր համարել: Փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, որի մասին խոսում է վարչապետը, ուղղակի աբսուրդ է, քանի որ Լիտվայի հիմնական առևտուրը տեղի է ունենում նավահանգիստների միջոցով, ծովային ճանապարհով: Ըստ վիճվարչության տվյալների, Լիտվայից Հայաստան հիմնականում գալիս են ձկնեղեն և ձկան պահածոներ: Իսկ մենք տարեկան մի 5-6 հազար շիշ կոնյակ ենք ընդամենը ուղարկել Լիտվա: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է:

Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առևտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել. 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առևտուր ենք արել, և կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առևտուրը Լիտվայի հետ»։

Aysor.am