Հայաստանում «Սինոֆարմ» պատվաստանյութի քանակների անբավարարություն կա
Հայաստանում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար:
«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով:
Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը», - ասված է տարածված հաղորդագրությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։