Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԻ ՍԻՐԻԱՅԻ․ ԽՆԴԻՐԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է
«Չի բացառվում, որ Հայաստանը վերածվի Սիրիայի։ Ի՞նչ եղավ Սիրիայում․ աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախում։ Այդ բախման հետևանքով այդ ծաղկուն, պաշտպանված երկիրը ավերակների վերածվեց», - 24news.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա ընդգծել է, որ թեպետ Հայաստանը Սիրիայի չափ տարածք ու ռեսուրսներ չունի, սակայն ուժային կենտրոնների շահերի բախումն այստեղ ակնհայտ է։
«Հարցն այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը չափելի չէ Սիրիայի հետ՝ ո՛չ տարածքի, ո՛չ բնակչության, ո՛չ ռեսուրսների առումով, բայց երբ ասում եմ՝ երկրորդ Սիրիա, դա նշանակում է, որ այս ապիկար իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այս պահին աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախում է գնում Հայաստանի վրա։ Խնդիրը Սյունիքն է», - ասել է ռազմական փորձագետը։
Հայկ Նահապետյանը կարևոր գործոն է համարել Սյունիքով անցնող ցամաքային՝ ամենակարճ և միակ ճանապարհի, փաստացի, փակված լինելը։
«Կարելի է ասել՝ փակված է Իրանից Ռուսաստան, Իրանից Սև ծով, Եվրոպա տանող ցամաքային ճանապարհը։ Բեռնատար տրանսպորտն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Սև ծով, նավահանգստով՝ Փոթի, հետո Եվրոպա։ Ճանապարհը փակվեց, երբ ՀՀ ապիկար իշխանությունները հայտարարեցին, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատված ադրբեջանական է։ Երեկվանից էլ փակվել է Վրաստանով իրանական բեռնատարների և մարդկանց մուտքը։ Հայաստանով, որպես տրանզիտ երկիր, Իրանը տեղափոխում է բեռներ։ Այս պահին Վրաստանը փակել է։ Այսինքն, այդ առումով ևս Հայաստանը հայտնվել է բլոկադայի մեջ, էլ չեմ ասում՝ Իրանը։ Սա է կատարվում», - ասել է փորձագետը։
Նա մատնանշել է նաև այն ուժային կենտրոններին, որոնց շահերի բախումը վտանգավոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում և Հայաստանի շուրջ։
«Սա եղավ, որովհետև մենք պատերազմում պարտվեցինք։ Ուժային կենտրոնները հավակնություններ ունեին․ օրինակ՝ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը, տարածաշրջանում Թուրքիայի շահերը սպասարկող և կառավարող Մեծ Բրիտանիան, իր ավագ գործընկեր, դաշնակից ԱՄՆ-ն։ Հիմա այդ շահերի բախումն է՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան։ Հավասարակշռությունը մինչև 2018 թվականն էր», - ասել է Հայկ Նահապետյանը։