Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՈԼՈՐ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ ԴՆԵՐ

ՀՀ գործող իշխանությունները որևէ բան չեն բանակցել, որևէ բան Ադրբեջանից չեն ստացել՝ Հայաստանի օդային տարածքով Նախիջևան թռիչքների դիմաց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայատանը, իր օդային տարածքն Ադրբեջանին տրամադրելուց առաջ պետք է առնվազն բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայման դներ։


«Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այս քայլը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ Իրանի համար, որն ընդաենը մեկ օր առաջ հայտարարեց, որ իր օդային ճանապահը փակում է ադրբեջանական օդանավերի համար։ Եթե հիմա Հայաստանը Ադրբեջանի համար բացում է իր օդային տարածքը, ինչպե՞ս է հայտարարում, որ Իրանի դեմ որևէ դավադրության չի գնա։

Ստացվում է, որ գործընկերոջ հաշվին ուրիշին լավություն է արվել, այն էլ՝ մեր թշնամի երկրին, այն էլ այն երկրին, որտեղ պահվում են մեր գերիները, այն երկրին, որի զինվորականները ներխուժել են մեր տարածք։ Ի՞նչ է, ադրբեջանցիներն արդեն հե՞տ են գնացել Սև լճի տարածքից», - հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները սպասարկում են թշնամական պետության շահերը։

«Եթե նայեք Ադրբեջանի հայտաարարությունը, նրանք բացատրում են, որ 2013 թվականից որոշել են Հայաստանին տնտեսապես ճնշել՝ պարտության բերելու համար և դրա համար քաղաքական որոշում են կայացրել ՀՀ օդային տարածքը չօգտագործել։ Ադրբեջանն ասում է՝ «մենք հարուստ ենք, մեզ կարճ ճանապարհներ պետք չեն, մենք երկար ճանապարհներով թռիչքներ կիրականացնենք, միայն թե ձեր մոտով չգնանք»։

Ինչո՞ւ պետք է նման որոշում 2013-ին ընդունվեր։ Որովհետև, իմ պատկերացմամբ, այդ ժամանակահատվածում քննարկումներ են սկսել Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ, և քանի որ կային միջազգային բանակցություններ, որ քաղաքացիական ավիացիան կարելի է օգտագործել, Ադրբեջանը հերթական անգամ ասել է՝ «ես այլևս թռիչքներ չեմ իրականացնելու, հանկարծ փորձի հայկական ավիացիան մտնի այստեղ»։ Հակառակորդ երկիրը միշտ ասել է, որ եթե որևէ մեկը մտնի Ադրբեջանի տարածք՝ Արցախի կողմ, ինքը հարվածելու է», - ասաց Թևան Պողոսյանը։

Aysor.am