Բաքվում չեն բացառում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը
Բաքվում չեն բացառում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը։ «Ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար, և մենք նախընտրում ենք ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների ճանապարհով։ Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցություններին պատրաստ լինելու մասին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան, տեղեկացնում է News.am-ը։
«Մենք օգտակար ենք համարում հարցերի քննարկումը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում հետագայում նման հանդիպման անցկացումը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ «ներկայումս պետք է լուրջ ուշադրություն դարձնել համատեղ հայտարարությունների կատարմանը»։ «Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատման հարցով բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք դնել հետագա առաջընթացի և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,-հավելել է նա։
Նշենք, որ հենց ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությունների դրույթները։