Իրանի նախագահ․ Հարավային Կովկասը կարող է սերտ համագործակցության լավ օրինակ դառնալ
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարող է սերտ համագործակցության լավ օրինակ դառնալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով՝ բարեկամության ու բարիդրացիության քաղաքականությունը միշտ էլ առանցքային ուղղություն է եղել Իրանի համար։ Նա կարծում է, որ կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տնտեսական զարգացման ու բարգավաճման առանցքային գործոն է:
Միևնույն ժամանակ Ռաիսին կարծում է, որր տարածաշրջանային անվտանգությունը պետք է կառուցվի բազմակողմ մեխանիզմների միջոցով, իսկ «զրպարտչական ու հավակնոտ տարրերի» միջամտությունը հակասում է ժողովուրդների շահերին:
Վերջին շրջանում Իրանի իշխանությունը բազմիցս ասել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից օգտվելու և այդ պատրվակով Իրանի սահմաններին մոտենալու` Իսրայելի ձգտումով:
Թեհրանում նաև կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում հրեական պետության հետ:
Իսկ իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Հոսեյն Պուրէսմայիլը շատ ավելի հեռուն է գնացել` ասելով, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը «Բաքվի շահերից չի բխում և սպառնում է դրա գոյությանը»։