Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչը հեռացել է Ադրբեջանից

Ադրբեջանում Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջաղ Նեջաթը լքել է երկիրը և գտնվում է Թեհրանում։ Այս մասին BBC-ին տեղեկացրել են Ադրբեջանում Իրանի դեսպանատանը, փոխանցում է haqqin.az-ը։

Նշվում է, որ Օջաղ Նեջաթը արդեն մեկ ամիս է՝ Թեհրանում է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Բաքվում փակվել էր Ադրբեջանում Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։ Գրասենյակի գործունեությունը, որը գտնվում էր Հուսեյնիա մզկիթի շենքում, դադարեցվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից պաշտամունքի վայրի զննումից հետո։ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը այն ժամանակ ասել էր, որ «վերջին օրերին Բաքվի մի քանի տեղերում կտրուկ աճել էր COVID-19-ով վարակվածների թիվը, և նման տեղերից մեկը Հուսեյնիա մզկիթն էր։ Դրա համար էլ այդ տեղերի, այդ թվում և մզկիթի գործունեությունը դադարեցվել է»։