Երկարացվել է Անկարայի հանդեպ պատժամիջոցների հրամանագրի գործողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել ևս մեկ տարով երկարացնել Անկարայի հանդեպ Սիրիայում ռազմական գործողության պատճառով պատժամիջոցների մասին 2019թ. Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի գործողությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրավիճակը Սիրիայի շուրջ, մասնավորապես՝ թուրքական կառավարության՝ Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակում իրականացնելու գործողությունները, խափանում են «Իսլամական պետություն» [ահաբեկչական խմբավորման] (արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարը, սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական [անձանց], սպառնում խախտել խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև առաջվա պես <...> մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ <...> Այս առնչությամբ ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 13894 հրամանագրով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Հիշյալ հրամանագիրը ստորագրել է Թրամփը 2019թ. հոկտեմբերի 14-ին։ Այդ փաստաթղթով ԱՄՆ նախագահը հանձնարարել էր պետդեպարտամենտի քարտուղարին և ֆինանսների նախարարին որոշել, թե հատկապես ում դեմ պետք է մտցվեն պատժամիջոցները։ Խոսքն այն անձանց մասին էր, որոնք «խոչընդոտում են հրադադարին Հյուսիսային Սիրիայում», ինչպես նաև խանգարում են քաղաքական կարգավորմանը երկրում։ Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը հայտարարեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև երկրի ՆԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին։ Հոկտեմբերի 17-ին կողմերը պայմանավորվեցին հրադադարի մասին Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչից հետո Թրամփը հոկտեմբերի 23-ին չեղարկեց պատժամիջոցների գործողությունը, բայց իրեն իրավունք վերապահեց վերականգնել համապատասխան միջոցներն ու ավելացնել թուրքական ապրանքների մաքսատուրքերը, եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները, տեղեկացնում է News.am։