ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆ ՈՒ ԲԱՑԱԿԱ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտաքին քաղաքականությունում նույնիսկ ԱԳ նախարարի նշանակումից հետո առկա խառնափնթոր և չկանոնակարգված վիճակը միայն խորանում է։ Գլխավոր դիվանագետի պաշտոնից Արա Այվազյանի ինքնակամ հեռացումից, ապա և փոխնախարարների ազատումից հետո ԱԳՆ-ն ամիսներ շարունակ մնացել էր անգլուխ, քանի որ կադրային դիվանագետներից որևէ մեկը չէր համաձայնում ստանձնել նախարարի կամ անգամ փոխնախարարի պաշտոնը։ Փոխնախարարների փնտրտուքն, ի դեպ, շարունակվում է առայսօր։
Զրոյական դիվանագիտական փորձառություն ունեցող և գործակալական սկանդալով հայտնի դարձած Արարատ Միրզոյանի նշանակումը գլխավոր դիվանագետի, ասել է թե՝ Ադրբեջանի հետ հիմնական բանակցողի պաշտոնում, կարծես միտումնավոր արված թշնամական քայլ լիներ՝ ի սկզբանե մեր փխրուն բանակցային դիրքերը վստահելու ներսում և դրսում հիմնավորապես վարկաբեկված և անփորձ մի անձի։
Կարևորը՝ նա կստանձներ ցավոտ որոշումների քաղաքական պատասխանատվությունը, ինչի մասին խոսում էր Փաշինյանը նրան անձնակազմին ներկայացնելիս։ Տասնամյակների դիվանագիտական փորձառություն ունեցող մասնագետները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետք է աշխատեն ոչ թե կադրային դիվանագետի, այլ քաղաքական անձի ենթակայությամբ։ Հայաստանի որևէ նախագահ իրեն թույլ չի տվել ԱԳ նախարարի պաշտոնում քաղաքական նշանակում կատարել, և Րաֆֆի Հովհաննիսյանից մինչև Արա Այվազյան՝ բոլոր նախարարները եղել են դիվանագետներ։
Դիվանագիտական համակարգում անորոշության և անիշխանության անգամ մեկ օրը չափազանց ծանր է նստում ցանկացած երկրի վրա։ Ստացվում է՝ այդ վիճակը մեր արտաքին քաղաքականության ոլորտում շարունակվում է ոչ թե օրեր կամ շաբաթներ, այլ ամիսներ շարունակ, ընդ որում՝ ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև դեսպանություններում։ Ոչ թե կադրային, այլ քաղաքական նշանակումներն ԱԳՆ-ում հասել են պատմական մասշտաբի՝ սկսած նախարարից և նրա օգնականներից, վերջացրած դեսպաններով։
Աշխարհում կա՞ մի երկրորդ երկիր, որտեղ նշանակված դիվանագետները պետք է գործուղվեն դեսպանընկալ երկիր, բայց կառավարությունն արգելում է նրանց մեկնել, քանի որ նրանք նշանակվել են արդեն իսկ ազատված նախորդ նախարարի կողմից։ Կա՞ մի երկրորդ երկիր, որտեղ նշանակումից ամիսներ առաջ, երբ դեռ ագրեմանն էլ չի ստացվել, այն էլ՝ ԱՄՆ-ի պես երկրում, դեսպանի թեկնածուն հաստատի իր նշանակումը և ասի, թե այլևս խորհրդարանական խմբակցության ղեկավար չի լինելու։
Կարո՞ղ է որևէ քաղաքակիրթ երկիր որոշել ԱՄՆ-ում դեսպան նշանակել զրոյական դիվանագիտական փորձ ունեցող մեկին ընդամենը այն հանգամանքի ուժով, որ անգլերեն լավ գիտի։ Կարո՞ղ է այդ մեկը Վաշինգտոն ժամանելուն պես տոտալ բոյկոտի արժանանալ տեղի հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից, բայց մնալ անդրդվելի և շարունակել պաշտոնավարել։ Ավելին՝ դեսպանության շենքի առջև խաղաղ ցույցի դուրս եկած հայազգի երիտասարդներին՝ իր հայրենակիցներին հեռացնելու համար ամերիկյան ոստիկանություն կանչել։ Լիլիթ Մակունցի դեպքում դա հնարավոր է։
Կա՞ մի այլ երկիր, այն էլ մեր պես անվտանգության և պաշտպանության հաշմված համակարգ ունեցող, որի Անվտանգության խորհրդի քարտուղարը, այն է՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի հիմնական պատասխանատուն, երեքուկես տարի շարունակ լինի մեկը, որը մինչ այդ իր ամբողջ բովանդակ կյանքում երդվյալ ռուսատյաց էր, և որի հետ որպես ԱԳ նախարար Մոսկվան պարզապես հրաժարվեց աշխատել։
Օրեր առաջ կյանքից հեռացավ հայկական դիվանագիտական կորպուսի ավագ սերնդի վերջին մոհիկաններից մեկը՝ Վիգեն Չիտեչյանը։ Փաշինյանի իշխանախումբը վստահաբար ո՛չ գիտեր նրան, ո՛չ էլ ուսումնասիրել էր նրա սերնդակիցների՝ 90-ականներին զրոյից դիվանագիտություն կայացրած անձանց ուղին։ Ի՞նչ հարկ կա շարունակելու արտաքին քաղաքականության ծանրակշիռ ավանդույթները, եթե որպես դեսպան կարելի է նշանակել, օրինակ, Վլադիմիր Կարապետյանին կամ Լիլիթ Մակունցին։